ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը և «Ռուսական մարդասիրական առաքելությունը» համագործակցության համաձայնագիր են ստորագրել: Տեղեկությունը հայտնում է Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը։
Նշվում է, որ համաձայնագիրը ստորագրվել է տեսակոնֆերանսի ռեժիմով: Փաստաթուղթը ստորագրել են կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Բուտիրսկին և «Ռուսական մարդասիրական առաքելության» գլխավոր տնօրեն Սերգեյ Շևչուկը:
Ըստ համաձայնագրի՝ կազմակերպությունները կհամագործակցեն տարբեր մարդասիրական, կրթական և բարեգործական ծրագրերի իրականացման, այդ թվում՝ մարդասիրական և բարեգործական օգնության տրամադրման գործում:
Փաստաթուղթը, ի թիվս այլ հարցերի, նախատեսում է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասնագետների ուսուցման առաջատար մեթոդների փոխանակման, ինչպես նաև դասընթացների, սեմինարների և աշխատանքային հանդիպումների անցկացման ուղղությամբ համատեղ աշխատանք: