ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ-ն վճռականորեն դատապարտել է Պալմիրային ուղղված իսրայելական հարվածները՝ դրանք անվանելով Սիրիայի ինքնիշխանության և միջազգային իրավունքի հիմնարար նորմերի կոպիտ խախտում:
Ավելի վաղ Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ իսրայելական ավիացիան հարվածներ է հասցրել Պալմիրա քաղաքին (Հոմս նահանգ), ինչի հետևանքով մահացել է 36, վիրավորվել՝ 50 մարդ:
«Վճռականորեն դատապարտում ենք այս հարձակումը, որի հետևանքով, Սիրիայի իշխանությունների տվյալներով, զոհվել է 36 մարդ, ավելի քան 50-ը վիրավորվել են, կան բնակելի օբյեկտների զգալի ավերածություններ: Իսրայելի այս ուժային գործողությունը Սիրիայի տարածքում, ինչպես նաև դրան նախորդած բոլոր գործողությունները այդ երկրի ինքնիշխանության և միջազգային իրավունքի հիմնարար նորմերի կոպիտ խախտում են», - ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է նախարարության կայքում:
ԱԳՆ-ն տարածաշրջանային էսկալացիայի մեջ ներգրավված բոլոր կողմերին կոչ է արել ականջալուր լինել բանականության ձայնին և դուրս չգալ 21-րդ դարում ձևավորված մարդասիրական արժեքների համակարգի վրա հիմնված քաղաքակիրթ վարքագծի շրջանակներից:
Զախարովան նշել է, որ Մերձավոր Արևելքում զինված դիմակայության դաժանությունն արժեզրկել է ոչ միայն մարդկային կյանքի գինը, այլև պատմամշակութային հիշողությունը:
Նշենք, որ Իսրայելը պարբերաբար հարվածներ է հասցնում Սիրիայի տարածքին, այդ թվում՝ մայրաքաղաքին։