ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Մոսկվայում հզոր ցիկլոնի ժամանակ չորս մարդ է տուժել, ՌԻԱ Նովոստիին հայտնել է մայրաքաղաքի արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը:
«Նախնական տեղեկություններով` ծառերի տապալվելու հետևանքով չորս մարդ է տուժել»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Նա հստակեցրել է, որ տուժածների թվում երեք կին և մեկ տղամարդ կա։
Իր հերթին «Ֆոբոս» եղանակի կենտրոնի առաջատար մասնագետ Եվգենի Տիշկովեցը հայտնել է, որ մեկ օրում Մոսկվայում տեղացել է տեղումների ամսական նորմայի ավելի քան 40 տոկոսը, իսկ Մերձմոսկվայում` 102 տոկոսը:
«Վերջին 24 ժամվա ընթացքում Մոսկվայում ВДНХ բազային օդերևութաբանական կայանում 23 միլիմետր տեղումներ են եղել, ինչը կազմում է ամսական նորմայի 44 տոկոսը։ Այսպիսով, մայրաքաղաքն արդեն գերակատարել է տեղումների ամսական պլանը. 64 միլիմետր` 52 միլիմետր նորմայի դեպքում։ Մերձմոսկվայի արևմուտքում տեղացել է խոնավության նոյեմբերյան սահմանաչափի 102 տոկոսը»,-ասել է օդերևութաբանը։
Կանխատեսման համաձայն` այսօր Մոսկվայում տեղումներ չեն սպասվում: