Հայկ Մարությանն ընդունել է Տիգրան Ավինյանի առաջարկը

Հայկ Մարության
Հայկ Մարությանն առաջարկել է բանավեճը կազմակերպել դեկտեմբերի 15-20-ն ընկած ժամանակահատվածում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է գործող քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ բանավիճելու առաջարկը։ Նա այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան էջում։
Ավինյանը նոյեմբերի 19–ին Երևանի ավագանու նիստում հայտարարեց, որ պատրաստ է տրանսպորտի գնի թանկացման թեմայով բանավիճել Հայկ Մարությանի հետ յուրաքանչյուր ֆորմատում։
«Քանի որ քաղաքապետարանից խնդրել են երկրից բացակայելու բերումով հետաձգել բանավեճը, ապա առաջարկում ենք այն կազմակերպել դեկտեմբերի 15-20-ն ընկած ժամանակահատվածում»,– գրել է Մարությանը։
Նշենք, որ Factor TV-ին բանավեճի է հրավիրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին և «Նոր ուժ» կուսակցության նախագահ Հայկ Մարությանին։ Բանավեճի ընթացքում նախատեսում են քննարկել Երևանի տրանսպորտային համակարգի փոփոխությունները, տոմսային նոր համակարգի ներդրումը, սակագնային նոր համակարգը և մայրաքաղաքի կառավարման հետ կապված այլ հարցեր։ Հաղորդումը կտևի 1 ժամ և կհեռարձակվի ուղիղ եթերում
Ավինյանի խոսնակ Հայկ Կոստանյանն արձագանքել էր, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կմասնակցի այդ բանավեճին, միայն թե ոչ այդ օրը, քանի որ քաղաքապետը պաշտոնական այցով ԱՄՆ-ում է լինելու։
Ինչպես հայտնում է Factor TV-ին, կողմերի համաձայնությամբ բանավեճը կկայանա դեկտեմբերի 18-ին` ժամը 17։00-ին։
Հիշեցնենք` Երևանում հունվարի 1–ից մեկանգամյա տոմս գնելու պարագայում տրանսպորտի գինը կթանկանա 200%–ով և կկազմի 300 դրամ։
Երևանի քաղաքապետարանը տրանսպորտից օգտվող քաղաքացիներին վճարման 6 փաթեթ է առաջարկում։
Համեմատաբար շահավետ է տարեկան փաթեթը, որից օրական 2 անգամ օգտվելու դեպքում ուղևորավարձը կկազմի 120.5 դրամ։