Երևանն ու Բաքուն սահմանազատման նոր հատվածը կընտրեն հանձնաժողովի հաջորդ հանդիպմանը

Սահմանազատման սյուն
Հայկական կողմը ներկայացրել է իր մոտեցումները, ադրբեջանականը՝ իր։ Հաջորդ հանդիպմանը կորոշվի, թե որտեղ կշարունակվի գործընթացը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Հայկական և ադրբեջանական պետական հանձնաժողովները հաջորդ հանդիպմանը կորոշեն, թե հաջորդիվ որ հատվածում սահմանազատում կիրականացվի։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հիշեցրեց, որ հոկտեմբերին կայացած վերջին հանդիպման ընթացքում հանձնաժողովները պայմանավորվել են փոխադարձ հիմունքներով առաջարկություններ ներկայացնել, թե սահմանի որ հատվածներում շարունակվի սահմանազատումը։
«Հայկական կողմը ներկայացրել է իր մոտեցումները, ադրբեջանականը՝ իր։ Հաջորդ հանդիպմանը կորոշվի, թե որտեղ կշարունակվի գործընթացը։ Ինչպես հայտնի է, Ադրբեջանում միջազգային համաժողով է անցկացվում, և ենթադրում եմ, որ առնվազն կա այդպիսի ըմբռնում, որ այդ գործընթացները կշարունակվեն COP29 – ից հետո», - հայտարարեց վարչապետը:
Հիշեցնենք` հոկտեմբերի 23–ին ԱԺ–ն ընդունեց «Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։
Կանոնակարգը 7 հոդված ունի, դրանք հիմնականում գործընթացին վերաբերող տեխնիկական տվյալներ են, ընդհանրական ձևակերպումներ։ Երևանն ու Բաքուն համաձայնել են սահմանազատումն իրականացնել 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի վրա, բայց այդ համաձայնությունը վերջնական չէ։ Կանոնակարգում նշվում է` հնարավոր է, որ խաղաղության համաձայնագրի ընդունումից հետո գործընթացն այլ սկզբունքներով ընթանա։