Ես ուղղակի զարմանում եմ, թե այս մարդիկ ինչ են ուզում արցախցիներից. Մեսրոպ Առաքելյան

Sputnik
Ուղղակի զարմանում եմ, թե այս մարդիկ ինչ են ուզում արցախցիներից. Sputnik Արմենիայի եթերում ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, Արցախի պետնախարարի նախկին խորհրդական Մեսրոպ Առաքելյանը` մեկնաբանելով տեղահանվածներին տրվող աջակցությունը հաջորդ տարի կրճատելու` կառավարության որոշումը։
«Արցախցիների սոցիալական վիճակը կտրուկ վատանալու է, հատկապես` հունվարին` ջեռուցման սեզոնին, երբ ծախսերը բնական է` ավելի շատ են»,–ասել է Առաքելյանը։
Որոշման համաձայն` Արցախից բռնի տեղահանվածների դրամական աջակցությունը ապրիլից կնվազի և կկազմի 40 000 դրամ, որը կստանան անչափահասները, բարձրագույն կրթություն ստացող չափահասները, 63 տարեկանից բարձր տարիքի անձինք , կերակրողին կորցրածները և 1-ին ու 2 -րդ խմբի հաշմանդամություն ունեցողները։
Իսկ արդեն հուլիսից հետո մինչև սեպտեմբեր այս խմբերի համար ևս աջակցությունը կնվազի` 40 000-ի փոխարեն դառնալով 30 000 դրամ։
Սոցիալական մնացած խմբերը գարնանից դրամական աջակցություն այլևս չեն ստանա։