ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը գնդակոծել են Գորլովկան, ինչի հետևանքով խաղաղ բնակիչներ են վիրավորվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինին։
«Ուկրաինայի զինված ուժերն այսօր գնդակոծել են Գորլովկայի կենտրոնը, վիրավորվել է 12 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ Նիկիտովսկի շրջանի ղեկավար Իրինա Ջելոմանովան»,- նշել է Պուշիլինը։
Նրա խոսքով՝ բժիշկներն անհրաժեշտ օգնություն են ցուցաբերում տուժածներին։
Գորլովկան գտնվում է Դոնեցկից 50 կիլոմետր դեպի հյուսիս, քաղաքում գործում են «Ստիրոլ» քիմիական կոնցեռնը և ածխարդյունահանող ձեռնարկություններ: Սա ԴԺՀ-ի ամենախոշոր բնակավայրերից մեկն է, որի բնակչությունը Դոնբասում սկսված հակամարտությունից առաջ գերազանցում էր 250 հազարը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։ Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։