ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Լիբանանի արևելքում բնակավայրերի իսրայելական ռմբակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 47-ի: Այս մասին հայտնել է Բաալբեկ-Հերմելի նահանգապետ Բաշիր Հոդրը։
Ավելի վաղ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ, նախնական տվյալներով, Իսրայելի հարվածների հետևանքով ավելի քան 20 անձ է մահացել։
«Զոհերի թիվը հասել է 47-ին, իսկ 22 բնակիչ էլ վիրավոր է։ Որոնողափրկարարական օպերացիաները շարունակվում են»,– Х–ի իր միկրոբլոգում գրել է Հոդրը։
Քաղպաշտպանության զեկույցների համաձայն` Լիբանանի արևելքում՝ Բաալբեկ-Հերմել նահանգում, նոյեմբերի 21-ին ռմբակոծության է ենթարկվել 15 բնակավայր:
Իսրայելը հոկտեմբերի 1-ից ցամաքային գործողություն է իրականացնում Լիբանանի հարավում «Հզբոլլահի» ուժերի դեմ և շարունակում է օդային ռմբակոծությունները հարևան երկրում, որտեղ խաղաղ բնակիչներից բացի զոհվել են շիաների շարժման առաջնորդները, ավելի քան մեկ միլիոն մարդ փախստական է դարձել:
«Հզբոլլահն» իր հերթին ցամաքային մարտեր է վարում և չի դադարեցնում Իսրայելի տարածքի հրթիռակոծումը: