ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Ժամանակավորապես` 6 ամսով, կսահմանափակվի ընտանի տեսակների կենդանի խոզերի ներմուծումը ՀՀ։ Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշման համաձայն` կարելի կլինի այդ ընթացքքում ներմուծել ոչ ավելի, քան 25 հազար գլուխ խոզ։
Նշվում է, որ սահմանափակումը կկիրառվի` համաձայն Եվրասիական տնտեսական միության պայմանագրի դրույթների։
Նախագծի նպատակն է ապահովել 50 կգ կամ ավելի կենդանի զանգված ունեցող խոզերի ներմուծման և շրջանառության կարգավորում` նպատակ ունենալով պաշտպանելու խոզի մսի տեղական արտադրողների տնտեսական շահերը։
Ըստ վերջին տվյալների` ՀՀ–ում խոզի մսի միջին օրական սպառումը կազմում է 82 տոննա, որից 40–42 տոննա թարմ և պաղեցված խոզի միսն ամբողջությամբ ապահովվում է տեղական արտադրության հաշվին։
Բացի այդ, երկրում խոզաբուծությամբ զբաղվում են շուրջ 80 խոշոր և միջին մասնագիտացված տնտեսավարող սուբյեկտներ, որոնց տնտեսություններում կենտրոնացված է շուրջ 131 հազար գլուխ խոզ կամ հանրապետությունում բուծվող խոզերի ավելի քան 70 %-ը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից նշում են, որ նախորդ տարի հանրապետություն է ներկրվել մոտ 41 հազար գլուխ այդպիսի զանգվածով խոզեր։ 2024 թ. կտրուկ ավելացել են ներկրման ծավալները. հունվար–հուլիս ամիսներին ներկրվել է շուրջ 30 հազար գլուխ խոզ՝ նախորդ տարվա 19,2 հազարի փոխարեն (կամ 56,3–ով ավելի)։ Ներկրումները հիմնականում իրականացվում են Բելառուսի Հանրապետությունից և Ռուսաստանի Դաշնությունից։
«Ներկրման նման ծավալների պարագայում 2024 թվականին կարող է կրկնապատկվել կենդանի խոզերի ներկրման նախորդ տարվա ցուցանիշը, ինչը իրացման խնդիրներ կարող է առաջացնել խոզի մսի տեղական արտադրողների համար։ Արդյունքում՝ ներկրման ծավալների աճը կարող է հանգեցնել հանրապետությունում խոզի արտադրության ծավալների կրճատմանը, ինչը կավելացնի հանրապետության շուկայի կախվածությունը ներկրման ծավալներից և կառաջացնի ռիսկեր պարենային անվտանգության տեսանկյունից»,– ասված է հիմնավորման մեջ։
Ի դեպ, 2024 թ․ հունվարի 1–ի դրությամբ հանրապետությունում առկա էր շուրջ 187 հազար գլուխ խոզ, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում էր 3,4% -ով։