Իսրայելում հայտարարել են, որ Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը հասունացել է. ԶԼՄ

Իրան
Թել Ավիվում հայտարարել են` Իսրայելը թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք ունենա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Իսրայելի անվտանգության համակարգի և քաղաքական վերնախավի բոլոր մակարդակներում կոնսենսուս է ձևավորվել Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակվելու անհրաժեշտության վերաբերյալ: Տեղեկությունը հայտնում է իսրայելական «Walla» կայքը` հղում անելով անվտանգության համակարգի բարձրաստիճան աղբյուրին։
«Իրանը երբեք չի ենթարկվել իր միջուկային ներուժին վնաս հասցնելու նման ռիսկի»,- ասել է կայքի աղբյուրը։
ԶԼՄ–ի տվյալով՝ Իսրայելը թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք ունենա, ուստի պատրաստվում է հարձակվել իրանական միջուկային նախագծի վրա։
Աղբյուրը նշել է, որ Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցները միայն զսպման գործառույթ են կատարում և կոչված չեն միջուկային նախագիծը վերացնելու:
Նույնատիպ տեղեկություն է հրապարակել նաև Իսրայելի «Kan» պետական հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով անվտանգության համակարգի աղբյուրին։
Հիշեցնենք` այս տարի Իրանը պատմության մեջ առաջին անգամ հրթիռներով երկու անգամ հարձակվեց Իսրայելի վրա․ առաջին անգամ` ապրիլի 14-ին՝ ի պատասխան Դամասկոսում Իրանի գլխավոր հյուպատոսությանը հասցված հարվածին: Մի քանի օր անց՝ ապրիլի 19-ի գիշերը, ամերիկյան ԶԼՄ-ների տվյալներով, Իսրայելը «սահմանափակ» պատասխան հարված հասցրեց Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին։
Երկրորդ անգամ Իրանը հոկտեմբերի 1-ին զանգվածային հրթիռակոծության ենթարկեց Իսրայելը՝ դա անվանելով ինքնապաշտպանության ակտ: Իրանն իր հարձակումը որակեց որպես պատասխան «Հզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի մահվանը:
Իսրայելն իր հերթին առաջին անգամ հարված հասցրեց Իրանին և պաշտոնապես ստանձնեց դրա պատասխանատվությունը:
Իրանի պատասխանը կտարբերվի Իսրայելին հասցված ապրիլյան հարվածից. դեսպան