ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում նոյեմբերի 26-ից 28-ը կկայանա ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների և դասախոսների միջազգային համաժողովը։ Տեղեկությունը հայտնում է Ռոսսոտրուդնիչեստվոյի մամուլի ծառայությունը։
Համաժողովը կրում է «Ռուսերենը առանց սահմանների Պուշկինի ժառանգությունն ու պուշկինյան ավանդույթները ռուսական գրականության մեջ» խորագիրը։
«Համաժողովը միավորում է Ռուսաստանի սահմաններից դուրս ռուսաց լեզվի և գրականության դասավանդման ավանդույթների պահմանման և զարգացման մեջ շահագրգռված մանկավարժներին, հետազոտողներին և մեթոդաբաններին»,–ասված է հաղորդագրության մեջ։
Համաժողովը նպատակ ունի աջակցել արտասահմանում ռուսաց լեզվի ուսուցիչներին, քննարկման դնել ռուսաց լեզվի և գրականության դասավանդման արդիական մեթոդները,երկրների միջև մշակութային կապերն ամրապնդել։
«Համաժողովի շրջանակում նախատեսված են դասախոսություններ, գործնական աշխատանքներ, կլոր սեղաններ և քննարկումներ, որոնք հնարավոր կդարձնեն մասնակիցների փորձի փոխանակումը և կրթական ծրագրերի նկատմամբ նոր մոտեցումների մշակումը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Միջոցառումը կազմակերպվում է ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարության, Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ռոսսոտրուդնիչեստվոյի աջակցությամբ։