ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Ֆինլանդիան 2025 թվականից հետո դուրս կգա Բարենցի/Եվրոարկտիկական տարածաշրջանի խորհրդից: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ֆինլանդիայի արտգործնախարարությանը։
Ռուսաստանը Խորհրդից դուրս է եկել 2023 թվականին։ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ իր գործունեությունը 2022 թվականի մարտից փաստացի կաթվածահար է եղել կառույցի արևմտյան անդամների (Դանիա, Իսլանդիա, Նորվեգիա, Ֆինլանդիա, Շվեդիա, ԵՄ) մեղքով։ Խորհրդում Ֆինլանդիայի նախագահությունը չհաստատեց 2023 թվականի հոկտեմբերին խորհրդի ղեկավարությունը Ռուսաստանին փոխանցելու պատրաստակամությունը՝ խախտելով ռոտացիայի սկզբունքը և խափանելով անհրաժեշտ նախապատրաստական միջոցառումների անցկացումը։
«Ֆինլանդիան 2025 թվականից հետո դուրս կգա Բարենցի/Եվրոարկտիկական տարածաշրջանի խորհրդից։ Ֆինլանդիան հյուսիսային տարածաշրջաններում համագործակցությունը կշարունակի այլ եղանակներով», - ասվում է այդ երկրի ԱԳՆ–ի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Ֆինլանդիան նաև դուրս կգա Բարենցի Միջազգային քարտուղարություն ձևավորելու մասին համաձայնագրից: Արտգործնախարար Էլինա Վալտոնեն ասել է, որ համագործակցության այս տարբերակն այլևս չի բավարարում երկրի ներկայիս կարիքները և փաստացի ստեղծում է կրկնօրինակող կառույցներ: