ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Ջո Բայդենի վարչակազմը շտապ փորձում է Ուկրաինային փոխանցել մնացած օգնությունը մինչև ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը՝ ապահովելով ռազմական գործողությունների շարունակությունը 2025 թվականին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Պենտագոնը մինչև ԱՄՆ նախագահի երդմնակալությունը փորձում է հապճեպ փոխանցել ամերիկյան ռազմական օգնության մնացած ծավալները Կիևի ռեժիմին։ Ընդ որում` դրա ծավալներն օրեցօր հեքիաթային կերպով աճում են»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ։
Վաշինգտոնը «քերում է ամանի տակը»՝ ապահովելու համար ռազմական գործողությունների շարունակությունը ոչ միայն այս, այլև հաջորդ տարի։
Ռուսաստանը կարծում է, որ Ուկրաինային զենքի մատակարարումը բարդացնում է խաղաղ կարգավորումը և փաստացի ներքաշում ՆԱՏՕ-ի երկրներին հակամարտության մեջ։ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի խոսքով՝ Կիևին մատակարարվող ցանկացած զենք Ռուսաստանի համար օրինական թիրախ է դառնում։ Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն հակամարտությանը մասնակցում են ոչ միայն զենքի մատակարարման միջոցով, այլև Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իտալիայում և այլ երկրներում ուկրաինացի զինվորականների վերապատրաստմամբ։
Կրեմլը հայտարարել է, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենքով զինելը չի նպաստում բանակցություններին և բացասական ազդեցություն կունենա։