ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ–ն բարձրացրել է միջուկային զենքի դերը ազգային անվտանգության քաղաքականության մեջ, ուժեղացրել է ռազմական առճակատումը և մեծացրել միջուկային ռիսկերը։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։
«Վերջին տարիներին ԱՄՆ–ն շարունակել է արդիականացնել իր միջուկային թեզիսը, բարձրացրել միջուկային զենքի դերը ազգային անվտանգության քաղաքականության մեջ, ամրապնդել, իր դաշնակիցների հետ համատեղ ընդլայնել զսպման մեխանիզմները», - ասել է Լին Ցզյանը:
Ինչպես նշել է չինացի դիվանագետը, ԱՄՆ-ը պետք է կատարի միջուկային զինաթափման հետ կապված իր պարտավորությունները և ջանքեր գործադրի ռազմավարական ռիսկերը նվազեցնելու համար։
«ԱՄՆ–ն պետք է շարունակի էապես կրճատել իր միջուկային զինանոցը, պայմաններ ստեղծի միջուկային համապարփակ և ամբողջական զինաթափման վերջնական իրականացման համար, ինչպես նաև ջանք գործադրի` նվազեցնելու ռազմավարական ռիսկերը և տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն պահպանելու համար»,- ասել է Լին Ցզյանը։
Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարարության ռազմավարական հրամանատարության ներկայացուցիչ, կոնտրադմիրալ Թոմաս Բյուքենենը հայտարարել էր, որ ԱՄՆ–ն միջուկային հարվածների այնպիսի փոխանակում է հնարավոր համարում, որի դեպքում Վաշինգտոնը կպահպանի իր զինանոցի մի մասը հետագայում հնարավոր հակառակորդներին զսպելու համար։