ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Անցած մեկ օրվա ընթացքում ուկրաինացի զինվորականները Բելգորոդի մարզի ուղղությամբ 34 ԱԹՍ են արձակել։ Տեղեկությունը հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
Մարզպետի խոսքով՝ վերջին մեկ օրում մարզի 8 շրջանների 26 բնակավայր է հարձակման ենթարկվել։ Արձակվել է 49 արկ և 34 անօդաչու։ Գիշերային հրետակոծության հետևանքով Շեբեկինոյի բնակիչ է տուժել։
Բացի այդ, հայտնի է դարձել, որ նոյեմբերի 18-ին ավտոմեքենայի վրա ԱԹՍ–ի հարձակման հետևանքով բարոտրավմա ստացած տղամարդն ինքնուրույն է դիմել բուժօգնության։ Օրվա ընթացքում պարզվել է, որ տարբեր վնասներ են կրել յոթ մասնավոր տնային տնտեսություններ, երեք առևտրային ձեռնարկություններ, երկու ենթակառուցվածքային և մեկ առևտրային օբյեկտ, ինչպես նաև հինգ ավտոմեքենա։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։