ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծության հետևանքով Բելգորոդի շրջանի Օտրադնոյե գյուղի բնակիչներից մեկը գանգուղեղային փակ վնասվածք և կրծքավանդակի սալջարդ է ստացել: Տեղեկությունը հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը Telegram–ում։
«Օտրադնոյե գյուղը գնդակոծվել է։ Արկի պայթյունի հետևանքով տղամարդ է վիրավորվել։ Ինքնապաշտպանության ուժերի մարտիկները նրան տեղափոխել են Օկտյաբրսկի կենտրոնական շրջանային հիվանդանոց։ Բժիշկներն ախտորոշել են գանգուղեղային փակ վնասվածք և կրծքավանդակի սալջարդ։ Առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո շտապօգնության բրիգադը նրան տեղափոխել է Բելգորոդի թիվ 2 քաղաքային հիվանդանոց»,- գրել է Գլադկովը։
Բելգորոդի մարզպետը հստակեցրել է, որ կոտրվել են գյուղի երեք առանձնատների պատուհանները, վնասվել են տների տանիքներ, ճակատային մասեր և ցանկապատեր:
Բելգորոդի մարզի ամբողջ տարածքում 2022 թվականի ապրիլի 11-ից հաստատվել է ահաբեկչական վտանգի բարձր (դեղին) մակարդակ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։