ՌԴ-ն ցնցված է, որ ԱՄՆ-ն վետո է դրել Գազայի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևի նախագծի վրա. Նեբենզյա

ԱՄՆ-ն վետո է դրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նախագծի վրա, որը պահանջում է անհապաղ դադարեցնել կրակը Գազայի հատվածում և ազատ արձակել բոլոր պատանդներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի - Sputnik. ՌԴ-ն ցնցված է, որ ԱՄՆ-ն վետո է դրել Գազայում անհապաղ, անվերապահ և մշտական հրադադարի մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նախագծի վրա։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։
«Ցնցված ենք, որ Միացյալ Նահանգները վետոյի իրավունք է կիրառել պաղեստինցիների և իսրայելցիների կյանքը փրկելու անկեղծ ջանքերի նկատմամբ»,-ասել է Նեբենզյան:
Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից աննախադեպ մասշտաբային հրթիռային հարձակման է ենթարկվել։ Դրանից հետո պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գրոհայինները ներխուժել են սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա, ավելի քան 200 պատանդ վերցրել: Իշխանությունների տվյալներով՝ իսրայելական կողմից այդ ժամանակ զոհվել է մոտ 1,2 հազար մարդ։
Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության բանակը սկսել է «Երկաթե թրեր» գործողությունը, որը ներառում է հարվածներ քաղաքացիական օբյեկտներին, և հայտարարել է Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվել են ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները: Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ հակամարտության սկզբից ի վեր զոհվել է ավելի քան 42 հազար պաղեստինցի, տուժել են ավելի քան 100 հազարը: