ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Հետազոտությունը հաստատել է, որ ՔՊ–ական պատգամավոր, Գյումրիի քաղաքապետի թեկնածու Կարեն Սարուխանյանը թմրանյութ է օգտագործում։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը` հղում անելով իր վստահելի աղբյուրներին։
Նշվում է, որ նոյեմբերի 12-ին կայացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում, որտեղ քննարկվել է Գյումրիում ստեղծված քաղաքական իրավիճակը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անակնկալ կերպով նիստին ներկա Կարեն Սարուխանյանին թմրանյութի թեստ հանձնելու է ուղարկել՝ իր համար վստահելի բժշկի և իր անվտանգության աշխատակցի ուղեկցությամբ։
«Սարուխանյանի հետազոտության արդյունքները դրական պատասխան են ցույց տվել, այսինքն՝ արյան մեջ եղել է թմրանյութի առկայություն»,–գրում է թերթը։
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Կարեն Սարուխանյանը ոչ հերքել, ոչ էլ հաստատել է թմրանյութի թեստի դրական արդյունքի մասին լուրերը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին հայտնի դարձավ, որ թմրանյութ պահելու ու օգտագործելու կասկածանքով ձերբակալվել են ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի քեռոորդին` Վարուժ Խոջումյանը և նրա ընկերը` Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության անդամ Պարգև Գևորգյանը: