Ինչպես են Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել գործերը, կամ ինչ չեն կիսում ժառանգները

Նկարչի որդին՝ Ռուբեն Քոչարը, հայտնել է նկարչի 7 ստեղծագործության անհետացման մասին, որոնք մոտ 500 000 դոլար արժեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Արդեն մի քանի օր է՝ անվանի նկարիչ, քանդակագործ Երվանդ Քոչարի թանգարանի շուրջ ստեղծված կրքերը չեն հանդարտվում. պարզվում է, որ ժառանգների միջև լարվածություն է սկսվել։ Նկարչի կրտսեր որդին կասկածներ ունի, որ իր հոր ստեղծագործությունները, որոնք ինքն է ի պահ տվել թանգարանին, անհետացել են։ Ավագ որդու՝ Հայկազ Քոչարի դուստրը՝ Կարինե Քոչարն էլ (թանգարանի տնօրեն) վստահեցնում է՝ տեղեկությունները կեղծ են, թանգարանից որևէ գործ չի անհետացել։
Ավելի վաղ Երվանդ Քոչարի կրտսեր որդին՝ կինոռեժիսոր Ռուբեն Քոչարը հայտարարեց, որ հոր թանգարանին իր նվիրաբերած ստեղծագործություններից 7-ը՝ մոտ 500 000 դոլար ընդհանուր աժրողությամբ, անհետացել են։ Կասկածներ կան նաև թանգարանում գտնվող պետական գույք հանդիսացող ստեղծագործությունների բնօրինակ լինելու, ինչպես նաև ապօրինի գործարքների հետ կապված։ Ներկայում դեպքի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել։
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց՝ դեռևս 1984 թվականին Ռուբեն Քոչարը համապատասխան փաստաթղթով այդ ժամանակ նորաբաց թանգարանին է հանձնել հոր՝ իր սեփականությունը հանդիսացող 21 ստեղծագործություն՝ գեղանկարներ, արձաններ և գրաֆիկական աշխատանքներ։
«Վերջերս պարզվեց, որ այդ նկարներից մեկը գտնվում է Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու թանգարանում, որը նվիրաբերել է ինչ-որ հայ բարերար։ Նշեմ, որ որևէ մեկն իրավունք չուներ ստեղծագործություններից մեկը նվիրաբերել այլ անձի կամ հաստատության։ Քրեական գործը հարուցվել է դեպքի առնչությամբ, բայց 9 ամիս է՝ տեղից չի շարժվում։ Երկու օր առաջ պետական վերահսկողական ծառայություն դիմում ենք ներկայացրել, որպեսզի ուսումնասիրություն կատարվի»,- ասաց Աթանեսյանը։
Ռուբեն Քոչարն էլ հայտնեց, որ հայրը բոլոր ստեղծագործությունները ժառանգել էր կնոջը՝ Մանիկ Մկրտչյանին։ Քոչար կրտսերը նշեց, որ թանգարանում առկա ստեղծագործությունների հիմնական մասն իր սեփականությունն են հանդիսանում, քանի որ մայրը մահից առաջ դրանք նվիրաբերել է երկու զավակներին՝ Ռուբեն և Հայկազ Քոչարներին։ Ռուբենն իր մոտ եղած ժառանգությունից 21 ստեղծագործություն թանգարանին ի պահ հանձնելու համար հավատարմագիր է ստացել, որը ստորագրել են ինքն ու այդ ժամանակվա գլխավոր ֆոնդապահը՝ Հայկազ Քոչարի կինը՝ Լալա Մարտիրոսյան-Քոչարը։ Ըստ հավատարմագրի, այդ գործերը թանգարանին է հանձնվել ժամանակավոր ցուցադրության համար։
«Երբ մոտենում էր Երվանդ Քոչարի 125-ամյակը, ես Լալա Մարտիրոսյանին (այդ ժամանակ արդեն տնօրենն է եղել, այժմ կրկին ֆոնդապահն է – խմբ․) հարցրի, թե որտեղ են այդ գործերը, որոնք տվել եմ թանգարանին, ինչին ի պատասխան ասաց, որ 1 շաբաթից կհայտնեն, թե որտեղ են։ Կարինե և Լալա Քոչարները ինձ տվեցին թուղթ, որտեղ նշված է, որ դրանք չկան»,- ասաց Ռուբեն Քոչարը։
Անհետացած ստեղծագործություններն են՝ «Իվան Չիտեչյանի դիմանկարը» (1926թ․), «Պատուհանի մոտ» (1968 թ․, հայտնաբերվել է Մոսկվայում), «Երեքը սրճարանում» (1918 թ․), «Դիմակով մարդը» (1926 թ․), «Գլուխ» (1933 թ․), «Տղամարդ ու կին» (1930 թ․), «Հեռարձակ կինը» (1930 թ․)։
Մահացել է Երվանդ Քոչարի որդին՝ ճարտարապետ Հայկազ Քոչարը
Նկարչի որդին վստահեցրեց՝ ինքը թանգարանում եղած գործերը չի ցանկանում վերցնել, հակառակը, փորձում է դրանց համար պայքարել։ Ընդգծեց՝ թանգարանում չպետք է լինեն այն անձինք, որոնք փորձում են մսխել իր հոր թողած ժառանգությունը և նվիրեն ինչ-որ կոլեկցիոներների։ Ռուբեն Քոչարը նաև շեշտեց, որ իր հոր ստեղծագործությունները երկրից դուրս տանելու թույլտվություն չկա, նույնիսկ ինքը որպես սեփականատեր չի կարող նման բան անել։
«Կարինե Քոչարն ասում է, որ գործերը վաճառել են ու գումարը տվել են ինձ։ Խոսքը մեկ նկարի մասին է, տատիկիս նկարն է ու ես համաձայնել եմ այն 40 տարի առաջ վաճառել պետությանը, որպեսզի թանգարանում մնա։ Սա մեծ հաշվով վաճառք չէ, պետությունն այն ժամանակ գումար է տվել թանգարանի աշխատելու համար։ Ի դեպ, տատիկիս նկարը 21 ստեղծագործություններից մեկն է, բայց անհետացած 7-ից մեկը չէ»,- ասաց նա։
Ռուբեն Քոչարն ասաց, որ խոսքը միայն այս 7 ստեղծագործության մասին չէ, նա կասկածներ ունի, որ Երվանդ Քոչարի հայտնի ինքնանկարը կեղծված է, որը այսօր ցուցադրվում է Հայաստանի ազգային պատկերասրահում։ Վերջինս նմանատիպ կասկածներ ունի, քանի որ հիշում է, թե հայրն ինչ է պատմել այդ նկարի վերաբերյալ։ Երվանդ Քոչարի դիմանկարի տակ փայտ է պատկերված՝ մեխի 2 անցքով։
«Հայրս նկարի մասին ասում էր․ «Եթե գտնվի մեկը, ով նմանատիպ անցքեր կկարողանա պատկերել, վիզս կկտրեմ»։ Նմանատիպ խոսակցություն եղել է նաև «Քրիստոսի և Մագդալենայի հանդիպումը» գործի մասին, այնտեղ ոտքը դուրս է դրված ու Քրիստոսի մեխի տեղը կա։ Դա տպավորվել է իմ մեջ։ Այսօր ինքնանկարի վրա բացակայում են այդ փայտն ու մեխի տեղերը»,- նշեց Ռուբեն Քոչարը։
Խուսափելու համար անհիմն խոսակցություններից, թե այս ամենը կարող են ընտանեկան վեճեր լինել, Քոչարն ասաց՝ ինքն ու եղբայրը՝ Հայկազը, միշտ շատ լավ հարաբերություններ են ունեցել, տարաձայնություններ չեն ունեցել, միշտ հասկացել են իրար։
Sputnik Արմենիան թեմայի շուրջ զրուցել է նաև թանգարանի տնօրեն Կարինե Քոչարի հետ, որը նշեց, որ ամբողջ պատմությունը սկսվել է իր հոր՝ Հայկազ Քոչարի մահից հետո, ու այժմ պարզ մարդկային ագահության խնդիր է առաջ եկել։
«Մինչ այդ երկու եղբոր միջև որևէ խնդիր չի եղել ժառանգությունը հավասարապես կիսելու հարցում, երկուսն էլ շատ հավասար դիրքերում են եղել։ Եղբոր մահից հետո նա (Ռուբեն Քոչարը - խմբ․) որոշեց տեր դառնալ այդ ցուցակին, որը կազմվել է թանգարանի ստեղծման ժամանակ։ Այդ ցուցակը պատահականության սկզբունքով բաշխվել է նրանց միջև, բայց չկա նոտարական որևէ հիմնավորում, հավաստում, որով այդ գործերը լիարժեք պատկանում են Ռուբենին, հակառակը՝ կան փաստաթղթեր, որ նրանք հավասար իրավունքներ ունեն»,- ասաց թանգարանի տնօրենը։
Նրա խոսքով՝ 7 ստեղծագործությունները, որի մասին խոսում է Ռուբեն Քոչարը, մասնավոր սեփականություն են եղել և գրանցված էին ժամանակավոր իրերի պահպանության մատյաններում։ Դրանք 1993 թվականին իրավատիրոջ իրավունքով վերադարձվել են Հայկազ Քոչարին՝ տնօրինելու նպատակով։
Կարինե Քոչար
«Միայն ասելով չէ, որ այդ գործերը պատկանում են Ռուբեն Քոչարին, որևէ փաստաթուղթ չկա։ Մոսկվայում գտնվող նկարը պատկանել է երկու եղբայրներին, բայց տնօրինել է Հայկազ Քոչարը։ Մենք ունենք փաստաթուղթ, որ ինքը դրանք հանձնել է Հայկազ Քոչարին, իր ձեռքով գրված, 1 էջ։ Հայրս իրեն իրավունք է վերապահել այդ մի քանի ստեղծագործությունն իր մասով վերցնելու։ Երեք ստեղծագործություն էլ՝ տատիկի նկարն ու 2 քանդակ, որոնք տնօրինում էր Ռուբեն Քոչարը, պետությունը գնել է և այդ ժամանակվա համար մեծ գումար փոխանցել իրեն»,- նշեց Կարինե Քոչարը։
Ո՞վ էր Երվանդ Քոչարի բնորդը. թոռնուհին հերքում է Սասունցի Դավթի արձանի շուրջ լեգենդները
Վստահեցրեց՝ ոչինչ չի անհետացել, 3 տարին մեկ ստուգումներ է արվել ոչ միայն թանգարանի, այլև այլ կազմակերպությունների կողմից, և այդ տարիներին որևէ նմուշ չի անհետացել կամ չի գողացվել։ Հաջորդ ստուգումը պետք է լիներ 2024 թվականին, սակայն քանի որ այն հոբելյանական տարի է, տեղափոխվել է 2025-ին։
Ինչ վերաբերում է նրան, թե ինչ քայլեր են պատրաստվում ձեռնարկել, Կարինե Քոչարը շեշտեց՝ ներկայում խնդիր է դրված ապացուցելու, որ բոլոր կետերով Ռուբեն Քոչարը սխալվում է։ Դրանից հետո միայն ավելի հստակ փաստաբանների հետ կորոշեն, թե ինչ են անելու։