Ինչի կհանգեցնի ՌԴ-ից «էներգակախվածության» դեմ Հայաստանի պայքարը. փորձագետի 6 «բայց»-երը

«Գեոէներգետիկա.info» ամսագրի գլխավոր խմբագիր Բորիս Մարցինկևիչը. Արխիվային լուսանկար
Կարո՞ղ է արդյոք Հայաստանը ամերիկացիների խորհրդով հրաժարվել ռուսական էներգառեսուրսներից և անցնել «կանաչ աղբյուրների». «Sputnik на русском»-ը ներկայացնում է Геоэнергетика.ru առցանց վերլուծական հանդեսի գլխավոր խմբագրի կարծիքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի - Sputnik. Ատոմային էներգետիկայի ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցությունից և ռուսական գազ գնելուց Երևանի հրաժարվելը կարող է Հայաստանին ստիպել կրկնել Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի փորձը, որոնք «էներգաանկախության» համար ստիպված են եղել վճարել արդյունաբերության կտրուկ անկմամբ և բնակչության թվաքանակի զգալի կրճատմամբ։ Այդպիսի կարծիք է հայտնել էներգետիկայի ոլորտի ռուս փորձագետ Բորիս Մարցինկևիչը «Sputnik на русском» հեռուստաալիքի «Էներգետիկա ԲԼՄ-ի հետ» հաղորդման ժամանակ։

«Կարելի է վերցնել Մերձբալթյան երկրների «դրական փորձը», որի արդյունքում մինչև 2021 թվականը ավելի քան կրկնակի նվազեցրել է կախվածությունը Ռուսաստանից ստացվող գազից։ Բայց դրա համար նրանցից պահանջվեց սպանել արդյունաբերությունը, կորցնել բնակչության մեկ երրորդը և վերացնել տարանցումը: Դա «դրական փորձն է», որն օգտագործում է Եվրամիությունը»,-ընդգծել է Մարցինկևիչը։

Նա հիշեցրել է, որ Հայաստանին էներգառեսուրսներ մատակարարում են միայն Ռուսաստանն ու Իրանը։ Երևանի հրաժարվելը ոչ մի կերպ չի ազդի Ռուսաստանի և Իրանի տնտեսական վիճակի վրա, իսկ այ Հայաստանը ստիպված կլինի իրավիճակից դուրս գալու ուղիներ փնտրել, քանի որ «արևը, օդը և ջուրը» չեն կարողանա լիարժեք փոխարինել 400 մեգավատտ էլեկտրաէներգիայի կորստին, հատկապես ձմռանը։
«Հայաստանին էներգառեսուրսներ մատակարարող երկու երկիրն էլ` Ռուսաստանն ու Իրանը, «խիստ սիրելի են» Միացյալ Նահանգների համար։ 2009 թվականից գոյություն ունի «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» նախագիծը։ Թե այստեղ ով ումից է կախված, դժվար է ասել։ Պարզ է, որ Իրանը կդիմանա, եթե դա չլինի։ Չէր ուզում երկրի հյուսիսում էլեկտրակայաններ կառուցել, ջանք կդնի ու կկառուցի, քանի որ այդպես է ստացվել»,-նկատում է փորձագետը։
Ըստ Մարցինկևիչի` Հայաստանին պետք կլինի ազատվել այդ «կախվածությունից»։
Կարելի է գազ գնել Ադրբեջանից, սակայն կողմերը չեն կարողանում պայմանավորվել։ «Խորհրդային տարիներին գազատարների ցանցն այնպես էր կառուցվել, որ սիբիրյան գազը «քարշ չտան», երբ կա կովկասյանը։ Սակայն, «չգիտես ինչու», վերջին 30 տարիներին Հայաստանը Ադրբեջանից գազ չի ստացել»,-նշել է փորձագետը։
Կարելի է պատվիրել ցածր հզորության ատոմակայան Westinghouse-ից, բայց ընկերությունը ԱՄՆ-ում նման կայանի լիցենզավորված որևէ նախագիծ չունի։ Կան նախագծեր, որոնց վերաբերյալ շատ հարցեր կան, և ոչ ոք չգիտի, թե երբ այդ ամենը տեղը կընկնի: Երկրորդ հարցն այն է, թե ինչպես է Westinghouse-ը իրեն պահում հաճախորդների հետ:
Մարցինկևիչը մատնանշել է Ռոսատոմի համագործակցությունից հրաժարված Բուլղարիայի բացասական փորձը։ Արդյունքում երկու նոր ատոմային Էներգաբլոկների կառուցման մրցույթը հաղթել է Westinghouse ընկերությունը, սակայն, պարզվել է, որ այն միայն տեխնոլոգիաներին է տիրապետում, իսկ կապալառուների և ֆինանսավորման մասին պետք է հոգ տանի հենց Բուլղարիան, որը մինչ օրս շարունակում է և՛ առաջինի, և՛ երկրորդի որոնումները:
Կարեի է նաև զարգացնել վերականգնվող էներգետիկան՝ հողմակայաններ կամ արևային վահանակներ տեղադրել։ Բայց դրանք տարվա մի մասը չեն աշխատում։
Մյուս տարբերակը լեռնային գետերի վրա փոքր ՀԷԿ-երի տեղադրումն է։ Փոքր ՀԷԿ-երի հարցում կարող է օգնել հունգարական Ganz EEM ընկերությունը, սակայն այն 100%-ով պատկանում է նույն «Ռոսատոմին»։ Բացի այդ, շատ լուրջ և երկար հետազոտություններ կպահանջվեն: