ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ-ը հավանություն է տվել Օտտավայի պայմանագրով արգելված հակահետևակային ականների մատակարարմանը Ուկրաինային, գրում են լրատվամիջոցները։
Պենտագոնի մտահղացմամբ՝ նման քայլը պետք է դանդաղեցնի Ռուսաստանի առաջխաղացումը։
Հաղորդվում է, որ Ուկրաինան պարտավորվել է օգտագործել միայն այն ականները, որոնք ակտիվ կլինեն սահմանափակ ժամանակի ընթացքում (մարտկոցի լիցքաթափումից հետո):
Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին հաստատել էր, որ Ուկրաինան թույլտվություն է ստացել Արևմուտքից՝ օգտագործելու հեռահար հրթիռներ Ռուսաստանի խորքերը հարվածելու համար։
«Այժմ, երբ կան համապատասխան որոշումներ համապատասխան երկրներից, և ոչ միայն լուրեր ԶԼՄ–ներում, շատ կարևոր է այդ որոշումներին ավելացնել այն հնարավորությունները, որոնցով կարող ենք նվազեցնել Ռուսաստանի ռազմական ներուժը, որտեղ էլ գտնվի նրանց զորքը», - ասել է Զելենսկին:
Նախօրեին ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ երեքշաբթի լույս գիշերը Ուկրաինայի զինված ուժերը 6 ATACMS բալիստիկ հրթիռներով հարվածել են Բրյանսկի մարզին, ռուսական ՀՕՊ–ը 5 հրթիռ էր խոցել։
Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի երկրները ոչ միայն քննարկում են Կիևի կողմից արևմտյան հեռահար զենքի հնարավոր կիրառումը, այլ նրանք, ըստ էության, որոշում են անմիջականորեն ներգրավվել ուկրաինական հակամարտության մեջ: Արևմտյան երկրների անմիջական մասնակցությունն ուկրաինական հակամարտությանը կփոխի դրա էությունը, Ռուսաստանը ստիպված կլինի որոշումներ կայացնել՝ ելնելով իր համար ստեղծվող սպառնալիքներից։
Օտտավայի պայմանագիրը կամ հակահետևակային ականների արգելման կոնվենցիան, որը ստորագրվել է 1997 թվականի դեկտեմբերի 3-ին, արգելում է հակահետևակային ականների օգտագործումը, պահեստավորումը, ինչպես նաև արտադրությունը և փոխանցումը: Պայմանագրի մասնակից է ավելի քան 160 պետություն, Ուկրաինան վավերացրել է այն 2005-ին թվականին։