ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Աբխազիայում արտահերթ նախագահական ընտրությունները կարող են տեղի ունենալ հաջորդ տարվա փետրվարի 15-ին։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։
Հանրապետության ղեկավար Ասլան Բժանիան ավելի վաղ` բողոքի ակցիաներից հետո, հրաժարական էր տվել։ Աբխազիայի ղեկավարի պաշտոնակատար էր դարձել փոխնախագահ Բադրա Գունբան։
Նրա խոսքով՝ խորհրդակցությունների ընթացքում օրը կարող է փոխվել։
«Ընտրությունների օրվա մասին որոշումը կայացնում է խորհրդարանը»,- ասել է աղբյուրը։
Հիշեցնենք, որ Աբխազիայում իշխանությունների և ընդդիմության միջև առճակատումը բռնկվել է Ռուսաստանի հետ ներդրումների մասին համաձայնագրի պատճառով, որը նախատեսում է բնակարանների կառուցում: Ընդդիմությունը մտավախություն ունի, որ նախագծի իրականացումը կհանգեցնի բնակարանների գների աճին և սպառնալիքներ կստեղծի փոքր և միջին բիզնեսի համար:
Նոյեմբերի 15-ին խորհրդարանը պետք է վավերացներ փաստաթուղթը, սակայն նիստը հետաձգվեց բողոքի ցույցերի պատճառով: Ընդդիմության կողմնակիցները գրավեցին կառավարական շենքերը Սուխումում, ներառյալ նախագահի նստավայրը` պահանջելով պետության ղեկավար Ասլան Բժանիայի հրաժարականը:
Նախագահը պատրաստակամություն հայտնեց հրաժարական տալ՝ պայմանով, որ ցուցարարները լքեն գրավված շենքերը։