Սակագների փոփոխությունից հետո տարածաշրջանում ամենաթանկ տրանսպորտն է լինելու.Գալստյան

Sputnik
Հունվարի 1-ից կներդվի Երևանի հանրային տրանսպորտի համար ուղևորափոխադրումների սակագների նոր փաթեթը։ Ըստ այդմ` 30 օրվա տոմսային փաթեթը կարժենա 8 հազար 800 դրամ, 90 օրվանը` 23 հազար 600, իսկ մեկ տարվանը՝ 88 հազար դրամ։
Նշված բոլոր փաթեթների դեպքում ուղորությունների քանակի սահմանափակում չի նախատեսվում։ Օրական տոմս էլ կլինի՝ 280 և 300 դրամ՝ 90 րոպեի համար։ Մեկ փաթեթից կարող է օգտվել միայն մեկ քաղաքացի: Երևանի ավագանին 34 կողմ, 0 դեմ, 23 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ երեկ ընդունեց նաև հանրային տրանսպորտից օգտվողների համար արտոնությունների փաթեթը։
Մայրաքաղաքի հանրային տրանսպորտից անվճար կօգտվեն մինչև 7 տարեկանները, ծնողազուրկ դպրոցականները և ուսանողները, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, մանկատներում կամ ծերանոցներում գտնվող անձինք, նախկին ԽՍՀՄ, Սոցիալիստական աշխատանքի հերոսները, Հայաստանի ազգային հերոսները, Մարտական խաչի 1-ին և 2-րդ աստիճանի և Փառքի երեք աստիճանի շքանշաններով պարգևատրվածները և բազմազավակ ընտանիքների ծնողները: Զեղչեր կգործեն թոշակառուների, դպրոցականների, ուսանողների և նպաստառուների համար։
«Սակագների փոփոխությունից հետո Երևանում լինելու է տարածաշրջանում ամենաթանկ հանրային տրանսպորտը, ինչը հիմնավորված չէ».-Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության նախկին պետ Էդգար Գալստյանը։