Մեր ծառայություններն առնվազն 20-ից 30 տոկոսով կթանկանան.Հարությունով

Sputnik
Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երեկ անցկացրեց խորհրդարանական լսումներ` «Հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի վերաբերյալ։
Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է 2025 թվականի հուլիսի 1-ից մասնագիտական մի շարք ծառայությունների հարկումը տեղափոխել հարկման ընդհանուր համակարգ։ Խոսքը վերաբերում է իրավաբանական, հաշվապահական, կառավարման հարցերով խորհրդատվություն, շենքերի մասնագիտացված շինարարություն, անշարժ գույքի հետ գործառնություններ, ճարտարապետական և ճարտարագիտական գործունեություն, տեխնիկական փորձարկումներ և վերլուծություններ, գովազդային գործունեություն, շուկայի իրավիճակի հետազոտություն, ժամանակավոր աշխատուժով ապահովման գործունեություն իրականացնող տնտեսվարողներին։ Բացի այդ, կներառվեն նաև մանր կլինիկաները, փոքր ատամնաբուժարանները։
Այս փաստը դժգոհություն ու մտահոգություններ է առաջացրել նշված ոլորտների տնտեսվարողների շրջանում։ Լսումների ժամանակ հարկման նոր համակարգին անցումը քննադատության արժանացավ ոչ միայն թիրախային ոլորտի մասնագետների, այլև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկա և նախկին անդամների կողմից։
Sputnik Արմենիայի հետ զրույցում Անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհրդի անդամ Անդրանիկ Հարությունովը համոզմունք է հայտնել, որ հարկման նոր դաշտ տեղափոխվելու դեպքում իրենց ծառայությունները զգալիորեն կթանկանան։
«Մեր ծառայություններն առնվազն 20-ից 30 տոկոսով կթանկանան».-համոզված է Հարությունովը։