Ովքե՞ր անվճար կօգտվեն տրանսպորտից. Երևանի ավագանին արտոնություններ սահմանեց

Ավտոբուս
Արտոնությունների փաթեթն առնչվելու է շուրջ 550 000 մարդու։ Ապրիլյան և 44-օրյա պատերազմների զոհերի ընտանիքներին անվճար ուղևորության հնարավորության տրամադրման հարցն առանձին է քննարկվելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Երևանի ավագանին ընդունեց հանրային տրանսպորտից օգտվողների համար նախատեսված արտոնությունների փաթեթը, որը ներկայացրել էին «Քաղաքացիական պայմանագիր» և « Հանրապետություն» խմբակցությունները։
Ավագանու անդամներից 34–ը կողմ քվեարկեցին փաթեթին, 23-ը` ձեռնպահ։ Դեմ քվեարկող չեղավ։
Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Գրիգորյանը ներկայացրեց փաթեթի նախագիծը։ Ըստ դրա՝ հանրային տրանսպորտն անվճար կդառնա 0-7 տարեկանների, ծնողազուրկ դպրոցականների և ուսանողների, 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձանց, պետական խնամքի տակ գտնվող, ՀՀ ազգային հերոսի, Մարտական խաչի և այլ շքանշաններ ստացածների ու 4 և ավելի երեխա ունեցող ծնողների համար։ Զեղչեր կտրամադրվեն դպրոցականներին (20%), թոշակառուներին (30%), ուսանողներին (15%), ինչպես նաև նպաստառուներին (20%)։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ փաթեթն առնչվելու է շուրջ 550 000 մարդու։
«Ազգային առաջընթաց» խմբակցության ավագանու անդամ Հայկ Գրիգորյանը հետաքրքրվեց` արդյոք մշակվել է մեխանիզմ, թե ինչպես է վերահսկվելու տվյալ փաթեթների հասցեատերերի իրական լինել կամ չլինելու հանգամանքը, լինելու է արդյոք շրջիկ ստուգող անձնակազմ։
Փոխքաղաքապետ Սերգեյ Գրիգորյանը շեշտեց, որ այդ հարցին առանձին պետք է անդրադառնան, բայց հենց ավագանու անդամի նշած տրամաբանության մեջ է լինելու վերահսկողությունը։
«Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Մանուկ Սուքիասյանն էլ փորձեց ճշտել, թե ինչու ցանկում չկան ապրիլյան և 44-օրյա պատերազմների զոհերի ընտանիքների անդամները։ Փոխքաղաքապետը պատասխանեց՝ նրանց համար առանձին քննարկվելու է անվճար ուղևորության հնարավորության տրամադրման հարցը:
Ո՛չ 300 դրամներին․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց