ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Դոնեցկի Գորլովկայում գիշերըերկու մարդ է վիրավորվել ուկրաինական ԱԹՍ–ի հարվածի հետևանքով։ Տեղեկությունը հայտնում է քաղաքապետ Իվան Պրիխոդկոն:
«Ուկրաինայի զինված կազմավորումների անօդաչու թռչող սարքն այս գիշեր պայթյունավտանգ առարկա է նետել, ինչի հետևանքով Գորլովկայի երկու խաղաղ բնակիչ է վիրավորվել»,- գրել է Պրիխոդկոն Telegram-ում։
Ավելի վաղ Ուկրաինայի ռազմական հանցագործությունների հետ կապված հարցերի վերահսկման և համակարգման համատեղ կենտրոնում ԴԺՀ-ի ներկայացուցչությունը հայտարարել էր, որ Մոսկվայի ժամանակով 01։25-ին ուկրաինական անօդաչուն զինամթերք է նետել Գորլովկայի Նիկիտովսկի շրջանի վրա:
Գորլովկան գտնվում է Դոնեցկից 50 կիլոմետր դեպի հյուսիս, քաղաքում գործում են «Ստիրոլ» քիմիական կոնցեռնը և ածխարդյունահանող ձեռնարկություններ: Սա ԴԺՀ-ի ամենախոշոր բնակավայրերից մեկն է, որի բնակչությունը Դոնբասում սկսված հակամարտությունից առաջ գերազանցում էր 250 հազարը։