ՀՀ ԿԸՀ–ն սկսել է ստուգել ԵՄ–ին անդամակցելու համար հավաքված ստորագրությունները

ԿԸՀ
ԿԸՀ–ն ստորագրությունների վավերականությունը կստուգի մեկ ամսում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 19-ին սկսել է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» քաղաքացիական նախաձեռնության ներկայացրած ստորագրությունների ստուգման գործընթացը։ Տեղեկությունը հայտնում է ԿԸՀ մամուլի ծառայությունը:
Սեպտեմբերին հայտնի դարձավ, որ ԿԸՀ–ն բավարարել է 51 անձից բաղկացած քաղաքացիական նախաձեռնության գրանցման որոշումը, որը պատրաստվում էր Եվրոպական Միության անդամակցության հարցով Հայաստանում ստորագրահավաք անցկացնել։ Արևմտամետ քաղաքական գործիչներին ու հասարակական գործիչներին միավորող նախաձեռնող խումբը հոկտեմբերի 25-ին հայտարարեց, որ հավաքել է 60 հազար ստորագրություն (օրենքով պահանջվող 50 հազարի փոխարեն)։
Հավաքված ստորագրությունը համարվում է վավեր, եթե ձևաթերթիկում պահանջվող տվյալներն ամբողջական են և լրացված պատշաճ ձևով։ Եթե քաղաքացու տվյալները կրկնվում են, ապա հաշվվում է տվյալ քաղաքացու միայն մեկ ստորագրությունը։
ԿԸՀ–ն ստորագրությունների վավերականությունը կստուգի մեկ ամսում։
Նախաձեռնության հեղինակները պատրաստվում են նախագիծ ներկայացնել ԱԺ, բայց եթե պատգամավորները հավանություն չտան, ապա, ըստ օրենսդրության, նրանք պետք է նոր ստորագրահավաք անցկացնեն հարցը հանրաքվեի դնելու համար։ Բայց այդ դեպքում արդեն 300 հազար ստորագրություն կպահանջվի։
Ինչպես հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, Մոսկվան ԵՄ–ի՝ Հայաստանում ամրապնդվելու ձգտման մեջ բացառապես աշխարհաքաղաքական ենթատեքստ է տեսնում, որը հեռու է Անդրկովկասում հարաբերությունների իրական կարգավորումից: Դիվանագետը հավելել է, որ Ռուսաստանին ձգտում են դուրս մղել տարածաշրջանից և թուլացնել նրա` անվտանգության գլխավոր երաշխավորի պատմական դերը: Զախարովան միևնույն ժամանակ հայտարարել է, որ վիզային ռեժիմի ազատականացման ուղղությամբ հայ գործընկերների նպատակային աշխատանքը Հայաստանի սուվերեն իրավունքն է: Նա ընդգծել է, որ Մոսկվան և Երևանը չեն քննարկել այդ հարցը, բայց չի կարծում, որ այդ բանակցությունները բացասական ազդեցություն կունենան Ռուսաստանի և Հայաստանի միջև առանց վիզայի ռեժիմի վրա:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսին հայտարարեց, որ շարունակում է պնդել իր հայտարարությունը` ՀՀ–ն ԵՄ–ին պատրաստ է լինել այնքան մոտ, ինչքան ԵՄ–ն դա հնարավոր կհամարի, սակայն այս պահին ինքը չունի հարցի պատասխանը, թե ԵՄ–ն որքանով է պատրաստ մոտ լինել ՀՀ–ին և քննարկել անդամակցության հարցը։