ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Ֆինլանդիայի և Գերմանիայի միջև հեռահաղորդակցության մալուխի կտրվելը ցույց է տալիս, որ դա դիվերսիա է, թեև այս պահին դրա ապացույցներ չկան։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը ԵՄ երկրների պաշտպանության նախարարությունների խորհրդի նիստի մեկնարկից առաջ:
«Ոչ ոք չի հավատում, որ այդ մալուխները պատահաբար են կտրվել, և ես չեմ ուզում հավատալ այն վարկածներին, թե խարիսխներն են պատահաբար վնասել են այդ մալուխները»,-ասել է նա լրագրողներին:
Պիստորիուսի խոսքով՝ Ֆինլանդիան և Գերմանիան դեռևս «ոչ մի ապացույց» չունեն, բայց դա «նման է» դիվերսիայի:
«Ուստի, չիմանալով, թե կոնկրետ ով է կանգնած դրա հետևում, ստիպված ենք արձանագրել, որ սա հիբրիդային ակցիա է, և մենք պետք է ելնենք դրանից։ Առանց իմանալու էլ հասկանալի է, որ խոսքը դիվերսիայի մասին է»,-հավելել է նա։
Ֆիննական Cinia Oy օպերատորը երկուշաբթի հայտնել էր, որ Ֆինլանդիայի և Գերմանիայի միջև C-Lion1 ստորջրյա հեռահաղորդակցության մալուխում անսարքություն է հայտնաբերվել, մալուխը շարքից դուրս է եկել: Գերմանիան և Ֆինլանդիան ավելի ուշ հայտարարել էին, որ մտահոգված են Բալթիկ ծովում երկու երկրների միջև ստորջրյա կապի մալուխի վնասմամբ, ինչպես նաև նշել էին, որ մանրակրկիտ հետաքննություն է ընթանում:
Ավելի ուշ լիտվական LRT և շվեդական SVT հեռուստաալիքները հայտնել են, որ վնասվել է նաև Շվեդիայի և Լիտվայի միջև ստորջրյա կոմունիկացիոն մալուխը, շվեդական իշխանությունները հետաքննություն են վարում:
Ինչպես գրում է «ռազմական խրոնիկան», սուզանավային ինտերնետ-մալուխների նկատմամբ դիվերսիան տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի Freezing Winds 24 ռազմածովային զորավարժություններին զուգահեռ, որոնք սկսվել են նոյեմբերի 18-ին Ֆինլանդիայի ափերի մոտ: Ֆինլանդիայի և Գերմանիայի միջև մալուխն անցնում է «Հյուսիսային հոսքի» հարևանությամբ: «Հյուսիսային հոսքերի» պայթեցումներից քիչ ժամանակ առաջ ՆԱՏՕ-ն Baltops զորավարժություններն էր անցկացնում։