ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. Ուկրաինայի տարածքում ռուսական և եվրոպական զորքերի միջև բախում «չի սպասվում»։ Այս մասին Բրյուսելում Եվրամիության երկրների պաշտպանության նախարարների հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք պատերազմող կողմ չենք, չենք մասնակցում հակամարտությանը։ Ուկրաինայի տարածքում եվրոպական զորքեր չկան, և մարտի դաշտում ռուսական ուժերի հետ նրանց բախում չի սպասվում»,–նշել է Բորելը։
Նա ընդգծել է, որ ԵՄ-ի դերը բացառապես Կիևին ռազմական օգնություն տրամադրելն է։
Մոսկվան, սակայն, Ուկրաինային զենքի մատակարարումը դիտարկում է որպես հակամարտության կարգավորումը դժվարացնող գործոն: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ նման գործողությունները ՆԱՏՕ-ի երկրներին ներքաշում են հակամարտության մեջ և Ուկրաինայի համար ռազմական բեռները վերածում օրինական թիրախների:
Լավրովը նաև նշել էր, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն հակամարտությանը մասնակցում են ոչ միայն զենքի մատակարարման, այլև Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իտալիայում և այլ երկրներում ուկրաինացի զինվորականների ուսուցման միջոցով:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ նշել էր, որ սպառազինությունների արևմտյան մատակարարումները չեն նպաստում բանակցություններին և միայն վատթարացնում են իրավիճակը: Նրա խոսքով՝ ՌԴ զինվորականները վստահ են, որ Ուկրաինայի զինված ուժերին փոխանցված արևմտյան տանկերը մարտի դաշտում ոչնչացվելու են ճիշտ այնպես, ինչպես ցանկացած այլ տեխնիկա։