ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. Բացահայտվել է Իրանից Հայաստան 10 կգ թմրամիջոցի մաքսանենգության և ապօրինի շրջանառության նոր դեպք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ նոյեմբերի 11-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, Երևանի 52 և 32–ամյա բնակիչները, «Mitsubishi Grandis» մակնիշի ավտոմեքենայով հայ-իրանական պետական սահմանի Մեղրի-Ագարակ հատվածից վերցրել են թմրանյութի փաթեթներ և տեղավորել նշված ավտոմեքենայի սրահում։
ԱԱԾ աշխատակիցները նրանց ավտոմեքենան կանգնեցրել են Կապան-Երևան ճանապարհին և ավտոմեքենայում հայտնաբերել են բազմաթիվ փաթեթներից բաղկացած և կպչուն ժապավենով միմյանց միացված 2 կապոց:
«Կատարված քննչական գործողության, մասնավորապես՝ ավտոմեքենայի խուզարկությամբ վերոնշյալ կապոցներում հայտնաբերվել է 10 կգ 294 գր ընդհանուր քաշով զանգված, որը, ըստ նշանակված փորձաքննության եզրակացության, հանդիսացել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց»,– ասված է հաղորդագրությունում։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է նաև ԻԻՀ քաղաքացու ինքնությունը, որը վերը նշված անձանց համար հայ-իրանական սահմանի վրայով հայկական տարածք էր փոխանցել նշված թմրամիջոցները։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա վարույթն իրականացնող քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ Երևանի նշված բնակիչների նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է, և նրանց մեղադրանք է ներկայացվել թմրամիջոցների մաքսանենգությունը և թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը հոդվածներով:
Հիշյալ տղամարդկանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։