ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. Հավաքական Արևմուտքը մեծացնում է ճնշումը հետխորհրդային տարածքի պետությունների վրա, կարծում է ՌԴ Դաշնության խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչևը:
Քաղաքական գործչի խոսքով՝ ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության աջակցության քողի ներքո բորբոքվում են բողոքի ցանկացած տրամադրություններ:
«Կոլեկտիվ անվտանգության նոր կամ սրվող սպառնալիքների շարքում ես կառանձնացնեի, իհարկե, հավաքական Արևմուտքի գործունեությունը, որն ավելի ու ավելի է ուժեղանում հետխորհրդային տարածքում՝ ընդ որում ոչ միայն եվրոպական հանրապետությունների, այլև Կովկասի և Կենտրոնական Ասիայի վրա», - ասել է Կոսաչևը «Դաշնակիցներ. ՀԱՊԿ» պարբերականին տված հարցազրույցում։
Միևնույն ժամանակ, արևմտյան երկրներն ակտիվորեն օգտագործում են «փափուկ ուժի» գործիքները՝ ուսուցում, կրթաթոշակներ, ՈԿԿ-ներ, լրատվամիջոցներ, այն ամենը, ինչը հնարավոր է գործարկել այլ հանրապետությունների «ուկրաինացման» վտանգավոր սցենարների համար՝ կտրելու նրանց Ռուսաստանից, թույլ չտալու նրանց մերձենալ Չինաստանի հետ։
Նրա կարծիքով, նման գործունեության արդյունքը նկատվում է ոչ միայն Ուկրաինայում, այլև Մոլդովայում և Վրաստանում, արտաքին ուժերի ազդեցությունն այդ երկրներին «խզման փորձության» է ենթարկել՝ նրանց դնելով «հանուն Ռուսաստանի կամ Արևմուտքի» բացարձակապես արհեստական և այդ երկրների համար վնասակար ընտրության առջև։
ՌԴ Դաշնության խորհրդի փոխնախագահը միաժամանակ հայտարարել է, որ ՀԱՊԿ-ն ակտիվորեն զբաղվում է ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործմամբ: Արդեն իսկ նախատեսվում է ճգնաժամային իրավիճակներում ուժի կիրառման վերաբերյալ որոշումների ընդունման և իրականացման ժամկետների կտրուկ կրճատում, կազմակերպչական և տեխնիկական մի շարք ընթացակարգերի կատարելագործում: