Նոյեմբերի 18-19-ը Ռիո դե Ժանեյրոյում կայացած G20-ի գագաթնաժողովում քննարկվել են համաշխարհային անվտանգության, տնտեսության և միջազգային համագործակցության առանցքային հարցեր: Ռուսական պատվիրակությունը գլխավորել է արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, որը գագաթնաժողովի արդյունքներով հանդես է եկել մի շարք հայտարարություններով:
Ստորև ներկայացնում ենք ՌԴ ԱԳ նախարարի հնչեցրած հիմնական թեզերը: Ընդսմին, Մոսկվան հույս ունի, որ Արևմուտքում կկարդան ՌԴ-ի նորացված միջուկային դոկտրինն ամբողջությամբ։
«Այսօր մենք պաշտոնապես հրապարակվել ենք միջուկային դոկտրինի հիմունքները։ Այնտեղ ամեն ինչ հաստատված է, արդեն հիմա օրենսդրորեն ամրագրված է այն, ինչ նախագահը մեկ ամիս առաջ հրապարակավ հնչեցրեց։ Հուսով եմ, որ այնտեղ կկարդան այս դոկտրինը. և ոչ այնպես, ինչպես ՄԱԿ-ի կանոնադրությունը՝ այնտեղ տեսնելով միայն այն, ինչ իրենց պետք է, այլ դոկտրինն իր ամբողջականությամբ ու փոխկապակցվածությամբ», - ասել է Լավրովը։
G20-ի գագաթաժողովն ավարտվել է ամփոփիչ հռչակագրի ընդունմամբ։ Ռուսական պատվիրակությունը գլխավորող Սերգեյ Լավրովն ակտիվորեն մասնակցել է քննարկումներին, իսկ մամուլի ասուլիսի ժամանակ միջազգային լսարանին դիմել է ինչպես ռուսերեն, այնպես էլ անգլերեն լեզուներով:
Սերգեյ Լավրովը հաստատել է միջուկային պատերազմի անթույլատրելիության վերաբերյալ Ռուսաստանի հետևողական դիրքորոշումը: Լրագրողների հետ զրույցում նա ընդգծել է, որ այն անփոփոխ է մնում խորհրդային ժամանակներից, երբ Միխայիլ Գորբաչովն ու Ռոնալդ Ռեյգանը հայտարարեցին, որ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել:
«Մենք միջուկային զենքը դիտարկում ենք բացառապես որպես զսպման գործիք և խստորեն հետևում ենք միջուկային հակամարտություն թույլ չտալու սկզբունքին», - ասել է Լավրովը:
Նա նաև նշել է, որ Ռուսաստանի նորացված միջուկային դոկտրինը չի պարունակում Արևմուտքի համար անհայտ որևէ նորամուծություն և համապատասխանում է նման փաստաթղթերի համար սահմանված միջազգային չափանիշներին:
Պատասխան՝ հակամարտության սրմանը և Ռուսաստանի տարածքին հարվածներին
Լավրովը մեկնաբանել է Ռուսաստանի տարածքին հարվածելու համար հեռահար հրթիռներ օգտագործելու ԱՄՆ-ի թույլտվության մասին լուրերը: Նա նշել է, որ նման սպառազինությունների, այդ թվում՝ ATACMS հրթիռների կիրառումը Մոսկվան դիտարկում է որպես հակամարտության նոր փուլ:
«Այն, որ ATACMS -ը բազմակի օգտագործվել է այս գիշեր Բրյանսկի մարզում, իհարկե, ազդանշան է, որ նրանք էսկալացիա են ցանկանում. առանց ամերիկացիների օգտագործել այդ բարձրտեխնոլոգիական հրթիռները, Պուտինն այդ մասին բազմիցս ասել է, անհնար է», - ասել Է Լավրովը։
«Եթե հեռահար հրթիռներն օգտագործվեն Ռուսաստանին հարվածելու համար, դա կնշանակի, որ դրանք կառավարվում են ամերիկացի զինվորականների կողմից։ Մենք դա կընկալենք որպես Ռուսաստանի հետ Արևմուտքի պատերազմի որակապես նոր փուլ և կարձագանքենք համապատասխան կերպով», - հայտարարել է նախարարը։
Դրա հետ մեկտեղ, Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը տեսնում է նման հրթիռների ֆիզիկական օգտագործումը, այդ թվում՝ Բրյանսկի մարզի ուղղությամբ վերջին հարվածները, և «իր գործողություններում հաշվի է առնում այդ տեղեկատվությունը»:
Խաղաղության կողմնակից քաղաքական գործիչներն արժանի են աջակցության
ՌԴ ԱԳ նախարարն աջակցել է Ուկրաինայում հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ նախաձեռնություններին: Նա նշել է, որ Ռուսաստանը ողջունում է Չինաստանի և Բրազիլիայի նախաձեռնած «Խաղաղության բարեկամներ» հարթակի ստեղծման ջանքերը:
«Մենք միշտ պատրաստ ենք աջակցել նրանց, ովքեր հայտարարում են, որ իրենց նպատակը խաղաղությունն է, ոչ թե պատերազմը։ Դա արժանի դիրքորոշում է, որը մենք գնահատում ենք»,- հայտարարել է Լավրովը։
Նա նաև մեկնաբանել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը, որն ավելի վաղ հայտարարել էր՝ իր իշխանության ղեկին գտնվելու դեպքում Ուկրաինայում հակամարտությունը կարող էր կարգավորվել 24 ժամում: Լավրովը նշել է, որ դա գովելի հռետորաբանություն է, թեև նման հայտարարությունների իրականացումը բարդ է թվում:
Ավելի վաղ գլոբալ հարավի երկրները, ներառյալ՝ Չինաստանը, Բրազիլիան, Հարավային Աֆրիկան և Թուրքիան, ուկրաինական ճգնաժամի կարգավորման համար հարթակ ստեղծելու վերաբերյալ քննարկում են անցկացրել: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպման մասնակիցները համատեղ հայտարարություն են հրապարակել՝ հայտնելով հակամարտության խաղաղ կարգավորման ձգտման մասին։
Եվրոպական էներգետիկ քաղաքականության քննադատություն
Լավրովը նաև անդրադարձել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի՝ ռուսական գազի համեմատ ամերիկյան հեղուկ բնական գազի «էժանության» մասին հայտարարությանը: Նրա կարծիքով՝ նման գնահատականները կառուցվում են ոչ թե տնտեսական, այլ քաղաքական հիմքերի վրա։
«Նա պնդում է, որ ռուսական գազ գնելը «քաղաքական առումով թանկ է»։ Բայց ինչպես կարելի է դա նորմալ տրամաբանություն համարել»,- հարցադրում է արել Լավրովը։
Նա ընդգծել է, որ ռուսական էներգառեսուրսներից Եվրոպայի հրաժարումը դարձել է ռազմավարական սխալ։ Այժմ ԵՄ երկրները ստիպված են նույն ռեսուրսները ձեռք բերել միջնորդավորված և ավելի բարձր գներով։
Միջազգային կառույցների բարեփոխումը գլոբալ Հարավի երկրների պահանջն է
Գագաթնաժողովի առանցքային թեմաներից էր միջազգային կառույցների բարեփոխման անհրաժեշտությունը։ Լավրովի խոսքով՝ գլոբալ Հարավի երկրների պատվիրակությունների մեծ մասը մատնանշել է արևմտյան երկրների գերիշխանությունը գլոբալ ինստիտուտներում՝ կոչ անելով պայքարել անհավասարության դեմ:
«Գլխավոր հարցը, բացի սովի և աղքատության դեմ պայքարից, գլոբալ ինստիտուտների բարեփոխումն է։ Շատ պատվիրակություններ նշել են այդ կառույցներում արևմտյան խաղացողների գերիշխանությունը», - ընդգծել է Լավրովը։
Ռիո դե Ժանեյրոյում G20-ի գագաթնաժողովի արդյունքները
G20-ի առաջնորդների գագաթաժողովն անցկացվել է նոյեմբերի 18-19-ը Ռիո դե Ժանեյրոյում։ «Քսանյակի» երկրների ղեկավարներն ընդունել են ամփոփիչ հռչակագիր, որում շոշափվում են համաշխարհային տնտեսության և քաղաքականության առանցքային հարցեր: Գագաթնաժողովում ռուսական պատվիրակությունը գլխավորել Է Սերգեյ Լավրովը՝ կատարելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարականը: