ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան հրաժարական է տալիս: Տեղեկությունը հայտնում է Աբխազիայի նախագահի մամուլի ծառայությունը։
Նոյեմբերի 19-ի գիշերը կայացած բանակցությունների արդյունքում իշխանության և ընդդիմության ներկայացուցիչները համաձայնագիր են ստորագրել, որի համաձայն՝ նախագահը լքում է իր պաշտոնը:
«Աբխազիայի Հանրապետության նախագահ Ասլան Բժանիան հրաժարականի դիմում է ներկայացնում", – ասված է նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Խորհրդարանի խոսնակին ուղղված հայտարարության մեջ Բժանիան գրել է, որ հրաժարական է տալիս, որպեսզի երկրում կայունություն և սահմանադրական կարգ պահպանվի:
Նախագահի պաշտոնակատար կդառնա Աբխազիայի փոխնախագահ Բադրա Գունբան, իսկ կառավարության ղեկավար` նախկին վարչապետ Վալերի Բգանբան։
Բադրա Գունբա
© Sputnik / Томас Тхайцук
Ըստ համաձայնագրի` Գունբան պաշտոնից ազատում է Աբխազիայի վարչապետ Ալեքսանդր Անկվաբին, և այդ պաշտոնում նշանակվում է Վալերի Բգանբան։ Գործող նախարարները կատարում են իրենց պարտականություններն այնքան ժամանակ, քանի դեռ նոր նախագահ չի ընտրվել: Կողմերի համաձայնությամբ՝ կառավարական շենքերի համալիրի տարածքում և ներսում հավաքված քաղաքացիները ցրվում են 2024 թվականի նոյեմբերի 19-ին: Սույն կետը չկատարելու դեպքում Բժանիան հետ է վերցնում հրաժարականի դիմումը:
Հիշեցնենք` նոյեմբերի 15-ին Աբխազիայի խորհրդարանը պետք է քննարկեր Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրի վավերացման հարցը: Ընդդիմությունը հայտարարում է, որ դեմ է այդ փաստաթղթի վավերացմանը, քանի որ կարծում է` դա թույլ կտա Ռուսաստանին բնակարանաշինություն սկսել Աբխազիայում։ Ընդդիմությունը մտավախություն ունի, որ նախագծի իրականացումը կհանգեցնի բնակարանների գների աճի և սպառնալիք կստեղծի փոքր և միջին բիզնեսի համար:
Արդյունքում խորհրդարանականները որոշեցին հարցի քննարկումը տեղափոխել հաջորդ շաբաթ։ Ցուցարարները գրեթե անմիջապես հայտարարեցին, որ մտադիր չեն ցրվել, քանի դեռ խորհրդարանը դեմ չի քվեարկել վավերացմանը։ Նրանք կոտրեցին կառավարական համալիրի դարպասները` պահանջելով նախագահ Ասլան Բժանիայի հրաժարականը:
Ավելի ուշ ցուցարարների մի մասին հաջողվեց մուտք գործել խորհրդարանի շենք, կոտրել որոշ աշխատասենյակների ապակիները և նիստերի դահլիճի սեղանը: Հանրապետության նախագահի մամուլի ծառայությունը հայտարարեց, որ Աբխազիայի ղեկավարի վարչակազմը երկրում իրավիճակի կայունացման համար փաստաթուղթ է պատրաստում ՌԴ-ի հետ ներդրումների մասին համաձայնագրի վավերացումը խորհրդարանից հետ կանչելու մասին: Նոյեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ Բժանիան չի ստորագրել համաձայնագիրը խորհրդարանից հետ կանչելու փաստաթուղթը։