2018-ին, երբ ձեզ քարշ տալով տանում էին ոստիկանության բաժիններ, փաստաբաններն էին ձեր կողքին կանգնած, որովհետև փաստաբանների պալատը ձեզ համար ձևավորել էր արձագանքման խմբեր, որովհետև ձեր մի մասը ընդհանրապես վճարունակ չէր այդ ժամանակ ու ի վիճակի չէր միջին փաստաբանի ծախսերը հոգալ. ԱԺ–ում այսօր կայացած Հարկային օրենսգրքի փոփոխությունների թեմայով լսումների ժամանակ ասաց փաստաբան Արմինե Ֆայանը` դիմելով իշխող ուժի ներկայցուցիչներին։
Փաստաբանի խոսքով` նախկին ընդդիմադիրներն այսօր ապահովված են ու նրանց այլևս անվճարունակ քաղաքացու խնդիրները հետաքրքիր չեն։
ԱԺ–ում այսօր Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը լսումներ է նախաձեռնել Հարկային օրենսգրքում կառավարության առաջարկած մի շարք փոփոխությունների օրենքների նախագծերի հարցով: Խոսքը որոշ մասնագիտական ծառայություններ շրջանառության հարկի ռեժիմից ընդհանուր հարկման համակարգ տեղափոխելու նախաձեռնության մասին է։
Հարկային փոփոխությունների արդյունքում իրավաբանական, հաշվապահական, կառավարման հարցերով խորհրդատվության, շենքերի մասնագիտացված շինարարության, անշարժ գույքի հետ կապված գործառնությունների, ճարտարապետական և ճարտարագիտական գործունեության, տեխնիկական փորձարկումների, գովազդային գործունեության, շուկայի իրավիճակի հետազոտության, ժամանակավոր աշխատուժով ապահովելու գործունեություն իրականացնող տնտեսվարողների հարկային պարտավորությունները կարող են թանկանալ մինչև 50 տոկոսի չափով, ինչը իր հերթին կհանգեցնի նաև նշված ծառայությունների գների բարձրացմանը։
Նախագիծը, մասնագետների գնահատմամբ բացասաբար կազդի նաև փոքր կլինիկաների ու ատամնաբուժարանների վրա, որոնք ևս կտեղափոխվեն հարկման ընդհանուր դաշտ։