ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն 2025 թվականին կայցելի Հայաստան: Տեղեկությունը լրագրողներին հայտնեց Դաշնության խորհրդի փոխխոսնակ, հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովը։
«Այցի օրը դեռ հայտնի չէ։ Կարծում եմ՝ առաջին եռամսյակում, գուցե երկրորդի սկզբին, ամենայն հավանականությամբ` առաջին», - ասաց Վորոբյովը։
Վալենտինա Մատվիենկոն վերջին անգամ պաշտոնական այցով Հայաստանում է եղել 2015 թվականի նոյեմբերին: Դրանից հետո երկու անգամ՝ 2019 և 2020 թվականներին, նախատեսվում էր, որ նա կայցելի Երևան, սակայն այդ այցերն այդպես էլ տեղի չունեցան։ 2024 թվականի հոկտեմբերին հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսով զրուցել է Մատվիենկոյի հետ:
Հիշեցնենք, որ Հայաստանի խորհրդարանի խոսնակը հայտնի է Ռուսաստանի հասցեին իր կոշտ արտահայտություններով։ Վերջին, աղաղակող դեպքը ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովի շրջանակում Սիմոնյանի հայտարարությունն էր։ Նա ասել էր, որ Հայաստանը վճռականորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաև Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի և բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը: Այս հայտարարությունից անմիջապես հետո ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն նամակ էր հղել Հայաստանի խորհրդարանին` խնդրելով պարզաբանումներ տալ Ալեն Սիմոնյանի ասածի վերաբերյալ։