Ուկրաինական ԱԹՍ-ները ՌԴ Բելգորոդի մարզում հարձակվել են մեքենաների վրա. կան վիրավորներ

Ուկրաինական զինուժը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գրոհում է ՌԴ սահմանամերձ տարածաշրջանները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի - Sputnik. ՌԴ Բելգորոդի մարզի Նիկոլսկոյե գյուղում և Կրասնայա Յարուգա ավանում ավտոմեքենաների վրա ուկրաինական դրոնների հարձակումների հետևանքով երկու մարդ է վիրավորվել, հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը:
«Բելգորոդի մարզի Նիկոլսկոյե գյուղում ԱԹՍ-ն հարձակվել է «Գազելի» վրա։ Արդյունքում վիրավորվել է մի տղամարդ։ «ԲԱՐՍ» ջոկատի մարտիկները վիրավորին օպերատիվորեն տեղափոխել են տեղի ամբուլատորիա, որտեղ բժիշկները տղամարդու մոտ ախտորոշել են սրունքի և ոտքի կույր բեկորային վնասվածքներ: Բուժումը շարունակելու համար տուժածն ուղարկվել է Բելգորոդի թիվ 2 քաղաքային հիվանդանոց», – նշել է Գլադկովն իր տելեգրամյան ալիքում։
Մարզպետի տվյալներով՝ Կրասնայա Յարուգա ավանի շրջանում FPV-դրոնը հարձակվել է շարժվող մարդատար ավտոմեքենայի վրա։ Հարձակման հետևանքով վարորդը վիրավորվել է։ Նրան բուժօգնություն է ցուցաբերվել տեղում, բայց մեքենան ամբողջությամբ հրկիզվել է։
«Կրասնոյարուժսկի շրջանի Վյազովոյե գյուղում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով վնասվել է տան տանիք, ինչպես նաև մոտակայքում գտնվող առևտրային օբյեկտի ապակիները։ Վոզնեսենովկա գյուղի Շեբեկինսկի թաղամասում գտնվող ձեռնարկության կայանատեղիում դրոնի պայթյունի հետևանքով խոցվել է բեռնատար ավտոմեքենայի թափք: Նեժեգոլ գյուղում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վնասվել են մասնավոր տան պատուհանները», – հստակեցրել է տարածաշրջանի ղեկավարը։