Թույլ մի տվեք` 23 հայ պատանդներ մահանան անտարբերության մեջ. Վարդանյանի որդու կոչը ՄԱԿ-ին

Դավիթ Վարդանյանը դիմել է միջազգային հանրությանն ու հայտնել, որ ժամանակն է խախտելու խուլ լռությունը, և քանի COP29-ը ընթացքի մեջ է, Բաքվից պահանջել ազատ արձակել հայ պատանդներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik․ Արցախի նախկին պետնախարար, բարերար, գործարար Ռուբեն Վարդանյանի որդին` Դավիթ Վարդանյանը, դատապարտել է միջազգային հանրության խուլ լռությունը և ՄԱԿ–ին կոչ արել ազատ արձակել իր հորը և 22 մյուս պատանդներին, որոնք բանտարկված են Բաքվում՝ հայ լինելու պատճառով:
Ֆրանսիական Le Journal du Dimanche պարբերականը հրապարկել է Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հոդվածը։
«Արդեն մեկ շաբաթ է, ինչ Ադրբեջանում անցկացվում է ամենակարևոր և խորհրդանշական միջազգային համաժողովներից մեկը՝ COP–29-ը: Փաստորեն, աշխարհի տարբեր երկրների ղեկավարները մեկ հարկի տակ են հավաքվել մի վայրում, որը գտնվում է ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա այն վայրից, որտեղ պահվում և խոշտանգումների են ենթարկվում հայ պատանդները: Նրանց շարքերում է հայրս՝ Ռուբեն Վարդանյանը, որն ավելի քան մեկ տարի առաջ ապօրինաբար ձերբակալվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից այն պահին, երբ հեռանում էր Լեռնային Ղարաբաղից 120.000 այլ հայերի հետ միասին, որոնք ստիպված էին բռնել գաղթի ճամփան իրենց նախնիների հողից: Հայրս այժմ գտնվում է կալանքի տակ 22 այլ պատանդների հետ միասին՝ միայն այն պատճառով, որ հայ է»,–գրել է նա:
Վարդանյանն ընդգծել է, որ միջազգային հանրությունը չի կարող շարունակել հայացքը շրջել, զբաղվել «այլ առաջնահերթություններով» և թույլ տալ, որ Ադրբեջանն անպատժելիությունից օգտվելով գործի, և, ինչն ավելի վատ է, իր երկիրը դրական լույսի ներքո ներկայացնելու համար օգտագործի COP–29-ը:
«Յուրաքանչյուր օր, որը հայերն անցկացնում են բանտում, խարան է մեր հավաքական խղճի վրա: Ամեն րոպե, երբ մենք լռություն ենք պահպանում, ժամանակ ենք տալիս նրանց, ովքեր օգտվում են դրանից՝ կյանքեր, մշակույթներ և ամբողջական ինքնություններ բնաջնջելու համար: Ժամանակն է խախտելու այս խուլ լռությունը»,–գրել է Ռուբեն Վարդանյանի որդին։
Նրա գնահատմամբ` մասնակցել Բաքվում անցկացվող COP-29–ին՝ առանց մարդու իրավունքների խնդրին անդրադառնալու, նշանակում է դառնալ Բաքվի մեղսակիցը:
Դավիթ Վարդանյանը հավելել է, որ քանի դեռ COP–29-ը ընթացքի մեջ է, ժամանակ կա Բաքվից պահանջել այցելել հայ պատանդներին և կոչ անել ազատ արձակել նրանց:
Հիշեցնենք` ադրբեջանցի սահմանապահները 2023 թվականի սեպեմբերի վերջին ձերբակալեցին Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին։
Ադրբեջանական լրատվամիջոցները հոկտեմբերի 11-ին հայտնեցին, որ երկարաձգվել է Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի և մյուսների կալանքի ժամկետը։