ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Կիևի ռեժիմի կողմից Ռուսաստանի տարածքին հեռահար հրթիռներով հարված հասցնելու դեպքում Ռուսաստանի պատասխանը համարժեք և շոշափելի կլինի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Կիևի կողմից հեռահար հրթիռների կիրառումը մեր տարածքի վրա կնշանակի ԱՄՆ-ի և նրա կամակատարների անմիջական մասնակցություն Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններին, ինչպես նաև հակամարտության էության և բնույթի արմատական փոփոխում։ Այդ դեպքում Ռուսաստանի արձագանքը կլինի համարժեք և շոշափելի»,- նրա խոսքերն են մեջբերում դիվանագիտական գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Զախարովան հավելել է, որ դեռևս հայտնի չէ՝ տեղեկատվական «լցոնումները» հիմնված են պաշտոնական աղբյուրների վրա, թե ոչ, բայց մի բան պարզ է, որ Կիևի ռեժիմի պարտությունների ֆոնին նրա արևմտյան հովանավորները խաղադրույք են կատարում Ռուսաստանի դեմ սանձազերծված հիբրիդային պատերազմն առավել սրելու վրա՝ փորձելով հասնել իրենց պատրանքներին, այն է` Մոսկվային ռազմավարական պարտության մատնելուն։
«Սակայն ոչ մի «հրաշք զենք», որի համար «աղոթում են» Զելենսկին և նրա կամակատարները, ի զորու չեն ազդել ռազմական հատուկ գործողությունների ընթացքի վրա», - ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ New York Times-ը, հղում անելով ամերիկյան վարչակազմի անանուն ներկայացուցիչներին, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն առաջին անգամ արտոնել է Ուկրաինային ամերիկյան հեռահար հրթիռներ կիրառել ՌԴ տարածքի վրա հարձակվելու համար։
Պուտինը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի երկրները ոչ միայն քննարկում են Կիևի կողմից արևմտյան հեռահար զենքի հնարավոր կիրառումը, այլ նրանք, ըստ էության, որոշում են՝ ներգրավվել արդյոք անմիջականորեն ուկրաինական հակամարտության մեջ: Արևմտյան երկրների անմիջական մասնակցությունն ուկրաինական հակամարտությանը կփոխի դրա էությունը, Ռուսաստանը ստիպված կլինի որոշումներ կայացնել՝ ելնելով այդպիսով իր համար ստեղծվող սպառնալիքներից։