ՀԱՄԱՍ–ի առաջնորդները Կատարից Թուրքիա են տեղափոխվել. ԶԼՄ

Անկարա
ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոն 2012 թվականից գործում էր Դոհայում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման բարձրաստիճան անդամները Կատարից Թուրքիա են տեղափոխվել, երբ Դոհայում հրաժարվել են միջնորդել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցություններին։ Տեղեկությունը հայտնում է «The Times of Israel» թերթը՝ հղում անելով արաբ դիվանագետի:
Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ Կատարը Վաշինգտոնի ճնշման տակ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման առաջնորդներից պահանջել է լքել երկիրը, քանի որ նրանք չեն ցանկացել համաձայնության գալ իսրայելցի պատանդներին ազատ արձակելու հարցում։
«ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան անդամներն անցյալ շաբաթ Կատարից Թուրքիա են տեղափոխվել այն բանից հետո, երբ Դոհայում հայտարարել են, որ հրաժարվում են Գազայում պատերազմի դադարեցման շուրջ բանակցությունների միջնորդությունից», -ասվում է հրապարակման մեջ:
Դիվանագետի խոսքով՝ պաղեստինյան շարժման ղեկավարությունն արդեն բավական երկար ժամանակ է անցկացրել Թուրքիայում, երբ Կատարը դեռ պաշտոնապես միջնորդ էր Իսրայելի հետ բանակցություններում:
ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոն Դոհայում էր գործում 2012 թվականից։ Մինչ այդ շարժման առաջնորդները Սիրիայի քաղաքացիական պատերազմի պատճառով ստիպված էին եղել լքել Դամասկոսը, որտեղ գտնվում էր նրանց կենտրոնակայանը։
Գազայի հատվածում զոհվել է ՑԱԽԱԼ-ի գլխավոր շտաբի նախկին ղեկավարի քրոջորդին