ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Ամերիկյան ռազմարդյունաբերական համալիրը մտադիր է երրորդ համաշխարհային պատերազմ սկսել մինչ Դոնալդ Թրամփի` ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելը: Այս մասին նրա որդին՝ Դոնալդ Թրամփ Կրտսերը, գրել է X սոցցանցում։
Երեկ՝ նոյեմբերի 17-ին, հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ուկրաինայի զինված ուժերին թույլ է տվել հեռահար զենքով հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքի խորքերին: «Reuters»-ի աղբյուրները հայտնել են, որ Ուկրաինան նախատեսում է իր առաջին հեռահար գրոհներն իրականացնել առաջիկա օրերին:
«Ռազմարդյունաբերական համալիրը կարծես ուզում է համոզվել, որ երրորդ աշխարհամարտը կսանձազերծվի, նախքան իմ հայրը հնարավորություն կունենա խաղաղություն հաստատել և կյանքեր փրկել»,-հայտարարել է Թրամփի որդին:
Նա այդ որոշման պատասխանատուներին «իմբեցիլներ» է անվանել։
Ուրիշ ովքե՞ր են արձագանքել Բայդենի որոշմանը
Ամերիկացի միլիարդատեր և գործարար Իլոն Մասկը մտահոգություն է հայտնել Բայդենի վարչակազմի որոշման կապակցությամբ, որը Ուկրաինային թույլ է տալիս «ATACMS» հրթիռներով հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին։
«Խնդիրն այն է, որ Ռուսաստանը հայելային պատասխան կտա»,- գրել է գործարարը:
Ֆրանսիայի «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն Բայդենի որոշումն անվանել է երրորդ համաշխարհային պատերազմ սանձազերծելու հուսահատ փորձ Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելու նախաշեմին:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ Արևմուտքի երկրները, Ուկրաինային թույլատրելով հրթիռներով հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին, մտել են խելագարության և վրեժի փուլ։
Տեխնոլոգիաների ոլորտում միլիոնատեր Դեյվիդ Սաքսը, որը Թրամփի նախագահական քարոզարշավի խոշոր դոնորներից էր, շեշտել է, որ ԱՄՆ-ի մատակարարած հրթիռները ՌԴ տարածքում օգտագործելու որոշումը «զգալիորեն կսրի» իրավիճակը:
Իսկ ահա Սորոս Կրտսերին ուրախացրել է Ռուսաստանի տարածքի խորքերը հարվածելու թույլտվության մասին լուրը։ Նա գրել է. «Հիանալի նորություն»։
ԱՄՆ-ին հետևեցին Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան
Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան նույնպես թույլ են տվել, որ Ուկրաինան են իրենց «SCALP» և «Storm Shadow» հեռահար հրթիռներն օգտագործի Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելու համար: «Le Figaro»-ի տվյալներով՝ Փարիզն ու Լոնդոնը Կիևին թույլ են տվել օգտագործել հրթիռներ, որոնք նախատեսված են բարձր պաշտպանությամբ օբյեկտները խոցելու համար, ունեն 270-560 կմ հեռահարություն և զինված են 450 կգ–անոց մարտագլխիկով:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այդ հրապարակումներին ի պատասխան հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ արդեն խոսել է Ռուսաստանի տարածքին ամերիկյան հեռահար զենքով հարվածելու մասին:
Պուտինը սեպտեմբերին և հոկտեմբերին ասել է, որ Ռուսաստանի տարածքին արևմտյան զենքով հարվածելու թույլտվություն տալը կնշանակի, որ ՆԱՏՕ-ի երկրներն անմիջականորեն ներգրավվում են հակամարտության մեջ, և Արևմուտքի հնարավոր որոշումը կփոխի հակամարտության ամբողջ բնույթը։ ՌԴ նախագահը նաև նշել է, որ Ռուսաստանը համապատասխան որոշումներ կկայացնի՝ ելնելով այն սպառնալիքներից, որոնք կստեղծվեն երկրի համար: