Թուրքիան թույլ չի տվել՝ Իսրայելի նախագահի ինքնաթիռն անցնի իր տարածքով

Պաշտոնապես հաղորդվում է, թե այցը չեղարկվել է՝ անվտանգության նկատառումներից ելնելով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik․ Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը չեղարկել է իր այցը Բաքու, քանի որ Թուրքիան հրաժարվել է օդային տարածք տրամադրել նրա ինքնաթիռի համար։ Այս մասին հայտնում է թուրքական Milliyet թերթը։ Իսրայելի նախագահը Բաքվում պետք է մասնակցեր ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովին՝ COP29-ին։
Պաշտոնապես հաղորդվում է, թե այցը չեղարկվել է՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Սակայն Yedioth Ahronoth պարբերականը, հղում անելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը, պնդում է, որ իրական պատճառը Թուրքիայի որոշումն է ՝ փակել երկինքը Իսրայելի նախագահական ինքնաթիռի համար:
Այս տեղեկությունը հաստատել է նաև Ադրբեջանի կառավարությանը մոտ կանգնած Caliber News պորտալը։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան մտադիր չէ վերականգնել հարաբերություններն Իսրայելի հետ: Նա միջազգային հանրությանը կոչ է արել ուժեղացնել ճնշումը Իսրայելի վրա՝ նրան բոլոր ոլորտներում «անկյուն գցելու համար»։
Հիշեցնենք, որ Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի մասնակիցների COP–29 գագաթնաժողովը անցկացվում է Բաքվում նոյեմբերի 11–24–ը։
Օրեր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան խզել է Իսրայելի հետ հարաբերությունները և ոչ մի քայլ չի ձեռնարկի դրանք ապագայում զարգացնելու համար։ Նրա խոսքով՝ դադարեցվել է նաև Իսրայելի հետ առևտուրը։
Թուրքիայի հռետորաբանությունը Իսրայելի նկատմամբ հիմնականում ձևական բնույթ է կրում.Պետրոսյան
Հիշեցնենք, որ Գազայում ՑԱԽԱԼ-ի գործողությունների ֆոնին Թուրքիան և Իսրայելը պարբերաբար կտրուկ հայտարարություններ են անում միմյանց հասցեին։ Թուրքական իշխանություններն Իսրայելին մեղադրում են ռազմական հանցագործությունների, պաղեստինցիների ցեղասպանության մեջ, ՄԱԿ-ից պահանջում են հրեական պետությանը զենք մատակարարելու էմբարգո սահմանել։ Միևնույն ժամանակ, լրատվամիջոցների տվյալներով, երկու երկրները շարունակում են մի շարք առանցքային ապրանքների առևտուրը: