Շոլցը պատմել է՝ ինչու է որոշել խոսել Պուտինի հետ

Զրույցը, որը տեղի է ունեցել նոյեմբերի 15-ին, կազմակերպվել է Բեռլինի նախաձեռնությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik. Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը պատմել է, թե ինչու է որոշել հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Ես կարծում եմ, որ սխալ կլիներ, եթե ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների միջև բանակցությունները կայանային, իսկ եվրոպական կարևոր երկրի կառավարության ղեկավարը անմասն մնար։ Հնարավոր է՝ Գերմանիայում կան մարդիկ, ովքեր այլ կերպ են մտածում, բայց ես նրանցից չեմ»,- լրագրողների հետ զրույցում ասել է Շոլցը։
Նրա ելույթի հեռարձակումը վարել է Welt հեռուստաալիքը։
Զրույցը, որը տեղի է ունեցել նոյեմբերի 15-ին, կազմակերպվել է Բեռլինի նախաձեռնությամբ։ Կրեմլը և Գերմանիայի կառավարությունը հաստատել են, որ զրույցը գործնական, մանրամասն և անկեղծ բնույթ է կրել:
Շոլցը ժամանել է Ռիո դե Ժանեյրո՝ մասնակցելու «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին, որը կդառնա գլոբալ հարցերի քննարկման գլխավոր միջազգային հարթակներից մեկը: