«Նարոդնայա գազետա»-ի գլխավոր խմբագիրը զոհվել է Կուրսկի մարզում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով

Կուզնեցովան տեղափոխում էր խմբագրության արխիվային փաստաթղթերը և պատրաստվում էր նյութեր հրապարակել տարածքում տիրող իրավիճակի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik. «Նարոդնայա գազետա»-ի գլխավոր խմբագիր Յուլյա Կուզնեցովան զոհվել է Կուրսկի մարզի Բոլշեսոլդատսկի շրջանում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով: Այս մասին հայտնել է շրջանի ղեկավար Ալեքսեյ Սմիրնովը Telegram-ի իր ալիքում։
Նա մանրամասնել է, որ Կուզնեցովան տեղափոխում էր խմբագրության արխիվային փաստաթղթերը և պատրաստվում էր նյութ հրապարակել շրջանում տիրող իրավիճակի մասին:
Ավտոմեքենայի վրա հարձակման հետևանքով տուժել են նաև պարբերականի էջադրողն ու տեղի թաղամասային ոստիկաններից մեկը։ Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ստացել են անհրաժեշտ բուժօգնություն։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։