ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik․ Լիբանանի «Հզբոլլահ» շարժման մամուլի ծառայության ղեկավար Մոհամեդ Աֆիֆը զոհվել է Բեյրութի կենտրոնում գտնվող շենքին իսրայելական օդուժի հարվածի հետևանքով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով լիբանանյան «Ալ Ջադիդ» հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ «Հզբոլլահի» մամուլի ծառայության ղեկավարը զոհվել է Ռաս ան-Նաբայում գտնվող «Բաաս» կուսակցության շենքին հասցված ավիահարվածի հետևանքով։
Ավելի վաղ ՌԻԱ Նովոստիին ականատեսները հայտնել էին, որ Ռաս ան-Նաբաա շրջանում իսրայելական օդուժի կողմից հարձակման է ենթարկվել մի շենք, որտեղ տեղակայված է սիրիական «Բաաս» կուսակցության կենտրոնակայանը։
Իսրայելը հոկտեմբերի 1-ից Լիբանանի հարավում ցամաքային գործողություն է իրականացնում «Հզբոլլահի» ուժերի դեմ և շարունակում է հարևան երկրի օդային ռմբակոծությունները, որտեղ, բացի խաղաղ բնակիչներից, զոհվել են շիաների շարժման առաջնորդները, ավելի քան մեկ միլիոն մարդ դարձել է փախստական: «Հզբոլլահը» ցամաքային մարտեր է վարում և չի դադարեցնում Իսրայելի տարածքի հրթիռակոծումը: