ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik. Աբխազ երաժիշտ Բարաս Կուջբան հանպատրաստից համերգ է կազմակերպել նախագահի նստավայրի՝ ցուցարարների կողմից գրավված պատշգամբում, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
Կառավարական համալիրում, որտեղ շարունակվում են բողոքի ցույցերը, իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել: Առավոտյան ժամը 10-ի սահմաններում շենքից հեռացել են ռազմական բեռնատարները։ Կեսօրին մոտ ցուցարարները պատշգամբ են դուրս բերել սինթեզատորը և հնչեցնել նվագել ազգային երաժշտություն։ Մի քանի ստեղծագործություն է կատարել նաև Կուջբան։
Հիշեցնենք, որ Աբխազիայում իշխանությունների և ընդդիմության միջև առճակատումը բռնկվել է Ռուսաստանի հետ ներդրումների մասին համաձայնագրի պատճառով, որը նախատեսում է բնակարանների կառուցում: Ընդդիմությունը մտավախություն ունի, որ նախագծի իրականացումը կհանգեցնի բնակարանների գների աճին և սպառնալիքներ կստեղծի փոքր և միջին բիզնեսի համար:
Նոյեմբերի 15-ին խորհրդարանը պետք է վավերացներ փաստաթուղթը, սակայն նիստը հետաձգվել է բողոքի ցույցերի պատճառով: Ընդդիմության կողմնակիցները գրավել են կառավարական շենքերը Սուխումիում, ներառյալ նախագահի նստավայրը, և պահանջել են պետության ղեկավար Ասլան Բժանիայի հրաժարականը:
Նախագահը պատրաստակամություն է հայտնել հրաժարական տալ՝ պայմանով, որ ցուցարարները լքեն գրավված շենքերը: Ընդդիմությունը մերժել է այդ առաջարկը, դիմակայությունը շարունակվում է։