ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Երևանի Նազարբեկյան փողոցում սպանված տղամարդու վրա կրակել է նրա եղբայրը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
shamshyan.com–ն ավելի վաղ հայտնել էր, որ կեսգիշերին կրակոց է հնչել Նազարբեկյան 15/6 հասցեում, ինչի հետևանքով մահացել է Երևանի բնակիչ 42-ամյա Արթուր Մանուկյանը, որը վերջերս էր Ֆրանսիայից ժամանել Հայաստան։ «Հրապարակ» թերթն էլ գրել էր, որ սպանության պատճառը եղել է փողային հարցերի հետ կապված «ռազբորկան», սպանության վայրում է եղել և այս թեմային մասնակից է նաև Փարաքարի ՔՊ-ական համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը: Նա ոտքի հատվածում հրազենային վնասվածք է ստացել:
ՔԿ–ն հայտնում է, որ սպանվածը ոչ թե 42 տարեկան է, այլ 35, և նա կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքները ստացել է Նազարբեկյան փողոցում գտնվող ավտոլվացման կետի մոտ մի խումբ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, որի ընթացքում հնչել են կրակոցներ:
«Առկա են ստուգման ենթակա տվյալներ` միջադեպի ժամանակ այլ անձանց կողմից ևս մարմնական վնասվածքներ ստանալու վերաբերյալ»,– ասված է հաղորդագրությունում։
Նախաքննության ընթացքում կատարվել են վարութային և քննչական անհետաձգելի գործողություններ՝ հարցաքննություններ, վերցվել են փորձանմուշներ, ինչպես նաև նշված հյուրանոցային համալիրի և հիվանդանոցի տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, ենթարկվել զննության:
«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է կրակոց արձակած անձի ինքնությունը։ Նա տուժողի եղբայրն է, 34 տարեկան»,– հայտնում է կոմիտեն։
Հիշեցնենք` քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության և ապօրինի զենք– զինամթերք կրելու հոդվածներով։ Ըստ ՔԿ–ի սպանության մասնակիցների շրջանակը դեռևս պարզվում է։ «Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ սպանության կասկածանքով որոնում են Լյուդվիգ Գյուլնազարյանի ընկերոջը: