Շուշանիկ Թովմասյանի եղբորը դանակահարել են հոգեբուժարանի բակում. մանրամասներ

Շուշանիկ Թովմասյանի եղբորը դանակահարել են հոգեբուժարանի բակում
Հոգեբուժարանի աշխատակիցն օգնության է հասել, բռնել է դանակի շեղբը։ Տուժածին տեղափոխել են հիվանդանոց, բայց բժիշկներին չի հաջողվել փրկել նրան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի հարկադիր բուժառուին դանակահարել են բուժհաստատության բակում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Երեկ լրատվամիջոցները հայտնեցին, որ «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնումդանակահարել են դերասանուհի Շուշանիկ Թովմասյանի եղբորը՝ Արման Թովմասյանին։ Ըստ ԶԼՄ–ների` սպանվածը դատապարտված է եղել դանակահարության համար, նրան դանակի 4 հարվածով սպանած 35-ամյա Հայկ Ազիզյանը ևս քրեորեն պատժելի արարք կատարելու համար դատարանի որոշմամբ հարկադիր բուժում է ստացել նույն հաստատությունում։
ՔԿ–ն տեղեկացնում է, որ նախնական տվյալներով՝ 2024 թվականի նոյեմբերի 15-ին՝ ժամը 14.20-ի սահմաններում, «ՀԱՊԱԿ» ՓԲԸ–ի նախկին բուժառու Հ.Ա.-ն բուժհաստատության բակում բուժհաստատության աշխատակցի ուղեկցությամբ տեսակցել է Ա.Թ.-ին և իր մոտ գնվող դանակով հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին: Այդ ընթացքում Ա.Թ.-ին ուղեկցող աշխատակիցը, հասնելով օգնության, ձեռքով բռնել է դանակի շեղբը՝ խանգարելով Հ.Ա.-ին ավարտին հասցնել իր հանցավոր մտադրությունը: Այդ պահին օգնության հասած բժիշկներին հաջողվել է վնասազերծել Հ.Ա.-ին, իսկ տուժածին՝ տեղափոխել հիվանդանոց։ Սակայն վերջինս, գիտակցության չգալով, ժամեր անց մահացել է:
Դեպքից րոպեներ անց Հ.Ա.-ն հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել է:
Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական և վարութային գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում բժշկական կենտրոնի ընդունարանի դիմաց՝ գետնին, հայտնաբերվել են արնանման հետքեր և արնանման հետքերով դանակ, վերցվել են փորձանմուշներ: Տուժողի մարմնական վնասվածքների բնույթը, դրանց ստացման մեխանիզմը պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են նախաքննությամբ:
Հիշեցնենք` ըստ ԶԼՄ–ների` մահացածի ծնողները և Շուշաննա Թովմասյանը գտնվում են ԱՄՆ-ում։ Մայրը, տեղեկանալով ողբերգական դեպքի մասին, վերադառնում է Հայաստան։