ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփին շնորհավորել է նաև հեռախոսով։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Փաշինյանը դեռ նոյեմբերի 6-ին գրառում էր արել X ցանցում, շնորհավորել ԱՄՆ 47-րդ նախագահին և նշել, որ անհամբերությամբ է սպասում նրա հետ համատեղ աշխատանքին։ Ավելի ուշ ևս մեկ շնորհավորական ուղերձ հրապարակվեց վարչապետի պաշտոնական կայքում։
«Փաշինյանը Թրամփին տեղեկություններ է փոխանցել Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումների և ընթացիկ վիճակի մասին»,– ասված է այսօրվա հաղորդագրությունում:
Նշվում է, որ քննարկվել են նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր:
Հիշեցնենք` նոյեմբերի 5-ին ԱՄՆ–ում նախագահական ընտրություններ անցկացվեցին։ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը հայտարարեց, որ ԱՄՆ նախագահ է ընտրվել Դոնալդ Թրամփը, որը հավաքել էր ընտրիչների 277 քվեները, իսկ հաղթանակի համար անհրաժեշտ էր 270–ը։