ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Հայկական կողմի հայտարարությունները վկայում են, որ Երևանն իրեն հեռու է պահում ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից։ Այս հայտարարությունն արել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
Բարձրաստիճան դիվանագետին հարցրել են, թե արդյոք Հայաստանը մասնակցի ՀԱՊԿ առաջիկա միջոցառումներին, այդ թվում՝ առաջնորդների հանդիպմանը:
«Հարցն ուղղեք հայկական կողմին,– արձագանքել է Պանկինը,– բայց դատելով հայկական կողմի հայտարարություններից՝ ՀՀ–ն այս փուլում իրեն հեռու է պահում տարբեր մակարդակներով ՀԱՊԿ գործունեության բացարձակապես բոլոր ձևաչափերի մասնակցությունից»։
Նշենք, որ նոյեմբերի 28-ին Ղրղզստանում կայանալու է ՀԱՊԿ գագաթնաժողովը։
Հիշեցնենք` փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է` Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ):
Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։ Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը:
ՀՀ վարչապետը սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։
Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։