Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինայի զինված ուժերի 7 դրոն հարձակվել է Բելգորոդի մարզի Շեբեկինո քաղաքի վրա

Շեբեկինոն. Արխիվային լուսանկար
Նախնական տվյալներով՝ խաղաղ բնակիչների շրջանում տուժածներ չկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի - Sputnik. Ուկրաինական 7 ԱԹՍ Շեբեկինոյում հարձակվել է բնակելի հատվածի և ձեռնարկության վրա. ԱԻՆ աշխատակիցները մարել են բռնկված հրդեհը: Այս մասին հայտնել է Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Շեբեկինո քաղաքում 4 ԱԹՍ հարձակվել է բնակելի հատվածի վրա։ 2 անօդաչու թռչող սարք ուղիղ հարվածներ են հասցրել բազմաբնակարան շենքին։ Մեկը պատուհանից մտել է բնակարան՝ վնասելով ապակիները։ Երկրորդի հարձակման հետևանքով նույն բնակարանում հրդեհ է բռնկվել։ Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ԱԻ նախարարության աշխատակիցները մարել են կրակը: Երրորդ դրոնը չի պայթել, իսկ չորրորդը պայթել է շենքիմոտակայքում, ինչի հետևանքով ապակիները, ճակատային մասը և մերձակա կայանված ավտոմեքենան վնասվել են», - գրել է Գլադկովն իր տելեգրամյան ալիքում։
Մարզպետը հավելել է, որ ևս 3 ԱԹՍ-ի հարձակման հետևանքով վնասվել են ձեռնարկության տարածքում գտնվող արտադրական շենքն ու սարքավորումները: Բեկորներով խոցվել է ավտոմեքենա, վնասվել է նաև գազատարը։ Գազի արտահոսքը վերացվել է, խաղաղ բնակիչների շրջանում տուժածներ չկան։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։